Իսպանացի Սալվադոր Դալին իր ժամանակների հանճարեղ գեղանկարիչներից էր, ով պատմության մեջ մտավ որպես սյուրռեալիզմի ամենահայտնի ներկայացուցիչ: Բացի գեղանկարչությամբ զբաղվելուց՝ Դալին նաև նկարահանել է սյուրռեալիստական մի շարք ֆիլմեր, տպագրել է նկարազարդված գրքեր, թատրոնի բեմեր և հագուստ է ձևավորել, ինչպես նաև զբաղվել ոսկերչությամբ:

Դալին, ով քնի և իրականության սահմանին պարադոքսալ աշխատանքներ էր ստեղծում, պահում էր նաև արտասովոր տնային կենդանիների, որոնք էլ իրենց հերթին ընդգծում էին նկարչի անհատականությունը:

Երբ Դալին դեռ մանկահասակ էր, նրա սենյակում ապրում էր չղջիկ, որին նա շատ էր սիրում: Մի օր նա հայտնաբերեց, որ չղջիկը սատկել է, իսկ նրա մարմնին մրջյուններ են հավաքվել: Այդ օրվանից ի վեր Դալին սկսեց ատել մրջյուններին: Ավելի մեծ հասակում Դալին Փարիզի կենդանաբանական այգուց մրջնակեր վերցրեց խնամելու նպատակով: Մի օր էլ ֆոտոսեսիա կազմակերպեց իր սիրելի, բայց արտասովոր կենդանու հետ նրա հետ միասին փողոցներով զբոսնելու ընթացքում:   

Իհարկե, Դալին մրջնակերին տան ներսում չէր պահում, քանի որ այն հատուկ խնամքի և բնակության պայմանների կարիք ուներ, սակայն դրա փոխարեն արվեստագետը ձեռք բերեց օցելոտ՝ կատվազգիների ընտանիքի գիշատիչ կաթնասուն: Այս վայրի կատուները հիմնականում տարածված են Ամերիկայի արևադարձային անտառներում: Առանձնանում են իրենց դաժան բնավորությամբ և տանել չեն կարողանում, երբ մարդիկ գուրգուրում են իրենց:

Ըստ ականատեսների՝ Դալիին միշտ հաջողվում էր լեզու գտնել իր խոշոր կենդանիների հետ:

Բաբոու անունով իր օցելոտին գեղանկարիչը հաճախ էր տարբեր ուղևորությունների տանում իր հետ, երբեմն անգամ ռեստորաններ կամ հանդիպումների: Պատկառելի հաստատություններում հանդիպումների գնալիս Դալին ստիպված էր լինում համոզել տերերին, որ իրենց առջև ոչ թե գիշատիչ գազան, այլ ուղղակի խոշոր տնային կատու է կանգնած, որին նա հատուկ ներկով է պատել:

Սա էլ հետաքրքիր լուսանկար է, որն ստեղծվել է Դալիի և հայտնի լուսանկարիչ Ֆիլիպ Հալսմանի համագործակցության արդյունքում և կոչվում է «Դալի Ատոմիկուս»: 1948-ին արված լուսանկարը հիրավի ապշեցուցիչ է, քանի որ դրա ստեղծման ժամանակաշրջանում գոյություն չուներ ֆոտոշոփ ծրագիր, որի միջոցով հնարավոր կլիներ ստանալ նպանատիպ էֆեկտներ: Լուսանկարը լիովին իրական է, սակայն այն միանգամից անել չի ստացվել. վերջնական արդյունքն ստացվել է 28 անգամ փորձելուց հետո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել