Մարզահամերգային համալիրում կայացած Սեբուի, «Վիզա» խմբի ու Ջիվան Գասպարյան կրտսերի համատեղ համերգի հատուկ հյուրը Սիրուշոն էր, ինչի մասին արդեն տեղեկացրել էինք: Երգչուհու գեղեցիկ ելույթից անմիջապես հետո նրան հետնաբեմում սպասում էին լրագրողներն ու երկրպագուները, ովքեր պահը բաց չթողեցին Սիրուշոյի հետ լուսանկարվելու համար: Երգչուհու հետ էր նաև մայրը՝ Սյուզան Մարգարյանը:

Երևանյան համերգներին Սիրուշոն սովորաբար հատուկ հյուրի կարգավիճակում է մասնակցում, մենահամերգ՝ որպես այդպիսին, վաղուց չի ունեցել: Հարցին՝ ի՞նչ զգացողություններ է ունենում երևանյան հանդիսատեսի հետ հանդիպելիս, երգչուհին ասաց. «Ես ելույթից առաջ էլ Սեբուին ասում էի՝ կտեսնես, թե որքան ջերմ է հայ հանդիսատեսը: Շատ հաճելի է հարազատ մարդկանց համար երգել: Տպավորություն է, որ ընտանիքի պես է, քանի որ ես էլ մեծացել եմ բոլորի աչքի առաջ, տեսել են և ծանոթ են իմ բոլոր երգերին, այնպես որ, շատ ջերմ ու լավ զգացողություններ ունեմ: Հենց առաջին պահից, երբ բարձրանում եմ բեմ և տեսնում մարդկանց աչքերը, թե ինչպես են նայում, ես էլ եմ հուզվում»:

IMG (49) copyIMG (58) copyՍիրուշոն չբացառեց, որ մոտ ժամանակներս հնարավոր է՝ մենահամերգ ունենա Երևանում. «Հայաստանյան մենահամերգի համար դեռևս չի ստացվում աշխատել. երևի պատճառն այն է, որ ուզում եմ՝ լինի ամենա-ամենալավը: Ձգձգվելու պատճառներից մեկն էլ այն է, որ անընդհատ հրավերներ ունեմ տարբեր երկրներից և ժամանակը չի բաշխվում ճիշտ կերպով: Նոր եմ վերադարձել համերգներից, և մի քանի օրից նորից պետք է մեկնեմ Ավստրալիա, Լիբանան, և այդպես շարունակ: Հուսով եմ՝ շուտով մենահամերգի առիթ կունենամ նաև Երևանում»:

Խոսելով Սեբուի մասին որպես արվեստագետի՝ Սիրուշոն նշում է՝ շատ տաղանդավոր մարդ է, ում հետ միշտ հաճելի է աշխատել. «Ուրախ եմ, որ Սեբուն Հայաստանում է, ուրախ եմ, որ հայ հանդիսատեսն առիթ ունի շփվելու նրա  հետ: Այսօր որակյալ երաժշտության պակաս կա, և Սեբուն, կարծում եմ, իր չափով լրացնում է այդ բացը՝ տալով շատ գեղեցիկ, պարզ, նուրբ, հետաքրքիր, նաև՝ ժամանակակից երաժշտություն: Ես ինքս հաճույքով եմ լսում»:

IMG (56) copyIMG (72) copy

Երգչուհին հանդիսատեսի համար անակնկալ կերպով եկավ բեմ ու կատարեց մեղեդային ու լիրիկական նոր ստեղծագործություն, որն առաջին անգամ լսել էր երկու օր առաջ. «Սեբուն երգն ուղարկեց ինձ և ասաց. «Ի՞նչ ես կարծում՝ կկարողանանք սա էլ երգել համերգին: Իմանալով, որ ես վերադանալու էի մի քանի երկրների հյուրախաղից և այստեղ լինելու էի ընդամենը երկու օր ու ժամանակ չէի ունենալու ո՛չ փորձ անելու, ո՛չ երգ սովորելու, առաջին պատասխանս պետք է որ լիներ՝ ոչ, բայց երբ լսեցի երգը, հասկացա, թե որքան գեղեցիկ է, բնականաբար, չկարողացա մերժել, և դա խոսում է այն մասին, որ նա իսկապես տաղանդավոր մարդ է»:

Երգչուհուց հետաքրքրվեցինք՝ հաշվի առնելով «Վույ աման»-ի մեծ հաջողությունը՝ հնարավո՞ր է, որ նոր երգը մի օր  ձայնագրվի ու տեսահոլովակ ունենա, Սիրուշոն ասաց. «Երգն առաջին անգամ հնչեց այսօր ու այս բեմում, որովհետև այդպես ցանկացանք, թե ինչպիսին կլինի շարունակությունը չեմ կարող ասել, հնարավոր է՝ հենց այսօր էլ գնանք ստուդիա ու որոշենք ձայնագրել»:

Սիրուշոն առաջիկայում նոր գործակցության հավանականությունը ևս չբացառեց. «Չգիտեմ, միգուցե լինի, որովհետև երկուսս էլ ստեղծագործող մարդիկ ենք, կարող է՝ հենց այսօր որոշենք՝ ինչ որ նոր երգ ձայնագրենք,  կարող է՝ ոչ»,- եզրափակեց երգչուհին: IMG (70) copyIMG (55) copyIMG (62) copyIMG (63) copyIMG (64) copy

Նյութը՝ Էմմա Վարդանյանի
 

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել