Ներհայաստանյան քաղաքական դաշտում բավականին անկանխատեսելի զարգացումներ տեղի ունեցան Վանաձորի ավագանու շուրջ ընթացող գործընթացներում:

2016 թվականի Վանաձորի ՏԻՄ ընտրություններից հետո շուրջ մեկ տարի «Հայկական վերածնունդ», ԲՀԿ և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները բոյկոտում էին ավագանու նիստերը: Նոյեմբերի 10-ին Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց` Վանաձորի գործող ավագանու մեկ տարվա և մեկ ամսվա  գործունեությունը համարելով հակասահմանադրական:

ՍԴ որոշումից մոտ մեկ շաբաթ անց ավագանու թնջուկին փորձեց կտրուկ լուծում տալ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը: Նա հանդես էր եկել կոչով և հորդորել համայնքի ավագանու խմբակցություններին՝ ավագանու նիստերին մասնակցության և մասնակցային կառավարման սկզբունքից ելնելով կառավարման մաս կազմել: Կոչի արձագանքի ինտրիգը երկար չտևեց. Վանաձորի ՀՎԿ տարածքային կառույցի ղեկավար և ավագանու անդամ Արկադի Փելեշյանն արձագանքեց այդ հայտարարությանը. Ասլանյանը և Փելեշյանը կնքեցին համագործակցության հուշագիր, համաձայն որի` Փելեշյանը կստանձնի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը:

Մի պահ դադար տանք և հասկանանք, թե ինչ էր կատարվել Վանաձորում 2016-ին:

Ընտրություններից հետո իշխանական կուսակցությունների մանդատները 15-ն էին` ՀՀԿ` 13, ՀՅԴ` 2, իսկ իրենց ընդդիմություն կոչող կուսակցություններինը՝  «Լուսավոր Հայաստանը», ՀՎԿ-ն և ԲՀԿ-ն, համապատասխանաբար` 10, 5 և 3 մանդատ:

Մ. Ասլանյան-ՀՎԿ համագործակցության հանգամանքը առիթ է առավել ուշադրություն դարձնել այս քաղաքական ուժի գործողություններին (ՀՎԿ Վանաձորում, ըստ ձայների, զբաղեցրել էր երրորդ տեղը):

Հարց է առաջանում` եթե ՀՎԿ-ն ընտրություններից մեկ տարի անց հուշագիր է ստորագրում ՀՀԿ-ի հետ, ապա ո՞րն էր պատճառը, որ իշխող կուսակցության հետ չմիացավ անմիջապես ընտրություններից  հետո և մի տարի արհեստական ընդդիմության կեցվածք էր ստանձնել:

Ակնհայտ է, որ այդ ժամանակ ՀՎԿ-ն սպասոմ էր խորհրդարանական ընտրություններին, իսկ ՀՀԿ-ին միանալու դեպքում կփոշիացներ իր քաղաքական կապիտալը, ուստի նրանց պետք էր ընդդիմադիրի իմիջը խորհրդարանական ընտրություններում՝ հույս ունենալով, որ կկարողանան հաղթահարել 5 տոկոսի շեմը: Սակայն իրադարձոթյունների ընթացքն այսպես ցույց տվեցին, որ երբեմնի ՕԵԿ-ը նույնիսկ չկարողացավ հաղթահարել այդ արգելքը, ուստի այս պայմաններոմ ՀՎԿ-ին սպառնում էր լիովին հայտնվել լուսանցքում։

Ստանալով բավականին շոշափելի թվով ձայներ՝ տվյալ պարագայում ՀՎԿ-ն պետք է քաղաքական պատասխանատվություն վերցներ իր էլեկտորատի առաջ, քանզի յուրաքանչյուր քաղաքական ուժ պարտավոր է հաշվետու լինել ընտրազանգվածին իր կատարած գործողությունների և քայլերի համար: Այստեղ մենք կարող ենք խոսել կա՛մ քաղաքական «սակարկումների», կա՛մ քաղաքական միամտության ու անհեռանկարային վերաբերմունքի մասին: Նման իրավիճակում այս գործելաոճն այլ կերպ մեկնաբանել հնարավոր չէ:

Ստեղծված իրավիճակը, թերևս, ունի մեկ այլ բացատրություն ևս. ՀՎԿ-ն ներկայումս գտնվում է քաղաքական վակուումում, արտախորհրդարանական կուսակցություն է և խորհրդարանական ընտրություններից հետո գրեթե չի մասնակցում ոչ մի գործընթացի: Հավանաբար այս հանգամանքը ևս նպաստել է, որպեսզի որոշակի քաղաքական և վարչական լծակ ունենալու այս ստեղծված շանսն օգտագործի իր քաղաքական հետագա ամբիցիաների համար:

Փաստացի՝ այս մեկ տարվա ընթացքում ստեղծվել է մի իրավիճակ, երբ ավագանու նիստեր տեղի չեն ունեցել քվորում չլինելու պատճառով, իսկ 2017-ի մարտից տեղի ունեցած նիստերը ՍԴ-ն բնորոշեց ապօրինի: Ասվածից կարող ենք եզրակացնել, որ, ըստ ՏԻՄ մասին օրենքի, այն է՝ երբ վեց ամիս ավագանու նիստեր տեղի չեն ունենում, այդ ավագանու գործունեությունը դադարեցվում է, և տեղի են ունենում նոր ընտրություններ:

Այստեղ, սակայն, կա ևս մի խնդիր. ավագանու նոր ընտրության դեպքում առկա  էր պոտենցիալ ռիսկ, որ «Ելք»-ը, տվյալ դեպքում՝ «Լուսավոր Հայաստանը», նոր ընտրությունների արդյունքում հնարավոր է, հավաքի ավելի շատ ձայն, քան նախորդ անգամ (հաշվի առնենք երկու կարևոր հանգամանք` Էդմոնի՝ վանաձորցի լինելը, և որ նրանք Նիկոլի հետ միավորվել են․ նախորդ անգամ ներկայիս դաշնակիցների միջև գնում էր կենաց ու մահու կռիվ):   

Գործող համակարգը` հանձինս ՀՀԿ-ի, ինչպես տեսնում ենք, մնացած բոլոր ՏԻՄ ընտրություններում չի ցանկանում «հանձնել» ոչ մի համայնք, առավել ևս՝ Վանաձորի դեպքում ՀՀԿ-ի համար «աբիդնի» կլիներ նման կարգի «ընդդիմադիր» քաղաք ունենալ (Հրազդանի ընտրություններում տեղի ունեցածը նույնպես վկայում է ասվածի մասին): Իսկ նշված գաղափարն իրականանալու դեպքում այն հղի է լուրջ ցնցումների և սպառնալիք համակարգային անվտանգությանը, քանի որ ոչ ոք չի կարող երաշխավորել, որ ընդդիմադիր քաղաքապետը կկարողանար կանոնակարգել քաղաքապետարանի բնականոն աշխատանքը:

Հ.գ. Ի դեպ՝ «Ելք»-ը դիմել է վարչապետին` ավագանու արտահերթ ընտրություններ անցկացնելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել