Tert.am-ը գրում է.

Պաշտոնական Անկարան փորձում է սիրիական հիմնախնդրում Ռուսաստանի և Թուրքիայի միջև ստեղծված համագործակցության բազան տեղափոխել դեպի Կովկաս՝ արցախյան հիմնախնդիր՝ ցույց տալու համար, որ երկու երկրներն առանց այլ դերակատարների կարողանում են որոշակի խնդիրներ լուծել: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց թուրքագետ Լևոն Հովսեփյանը:

Իհարկե, սա Թուրքիայի մոտեցումն, բայց, ըստ նրա, Ռուսաստանը թույլ չի տա Թուրքային արցախյան հիմնախնդրում ներգրավվածություն ունենալ, ամրապնդել իր դիրքերը: Թուրքագետի խոսքով՝ արցախյան հիմնախնդրում Թուրքիայի ներգրավվածությունը հակասում է ՌԴ-ի տարածաշրջանային ռազմաքաղաքական շահերին:

«Պետք է հաշվի առնել, որ կան հիմնախնդիրներ, որոնց ուղղությամբ երկու երկրները կարողանում են համագործակցել և կան որոշ խնդիրներ, որոնց նկատմամբ հեռավորությունը, զգուշավորությունը պահպանում են: Կարծում եմ՝ Կովկասը այս դեպքերից մեկն է, հատկապես մեր հիմնախնդիրների հետ կապված որոշակի հեռավորություն, այդուհանդերձ, կա»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Սոչիում կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հերթական հանդիպումը: Սա արդեն Էրդողանի թվով երրորդ այցն էր Ռուսաստան ու 6-րդ համատեղ հանդիպումը 1 տարվա ընթացքում: Մինչ հանդիպումը Էրդողանը մի քանի անգամ հայտարարել էր Պուտինի հետ ԼՂ հարցը քննարկելու մտադրության մասին, բայց հանդիպումից հետո նախագահներ Պուտինի և Էրդողանի՝ մամուլի համար արված հայտարարություններում որևէ անդրադարձ չկա Լեռնային Ղարաբաղին:

Ըստ Լևոն Հովսեփյանի՝ Թուրքիայի և Ռուսաստանի համար առաջնայինը սիրիական գործընթացներն են, չնայած, նա համոզված է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է արցախյան հիմնախնդիրը, բայց չի բարձրաձայնվել:

«ՌԴ նախագահի հետ հանդիպումից հետո Էրդողանն իր հարցազրույցում նշել է, Պուտինը Թուրքիայի Արցախյան հիմնախնդրի առաջարկներին, մոտեցումներին լավատեսական չի վերաբերվում»,- հայտնեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել