Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի ընկերությունների ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ՏՏ ոլորտի հետագա զարգացման հնարավորություններն ու հեռանկարները:

Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ընկերությունների ներկայացուցիչները ոլորտի հետագա զարգացման տեսանկյունից կարևորել են  հիմնականում չորս՝ կրթական բարեփոխումների, վերազգային կորպորացիների ներգրավման, ստարտափերի խթանման, թվային օրակարգի իրականացման ուղղությամբ հետևողական միջոցառումների իրականացումը:

Կարեն Կարապետյանը նշել է, որ կառավարությունը պատրաստակամ  է քննարկել այս բնագավառի զարգացմանն ուղղված յուրաքանչյուր նախաձեռնություն՝ առաջարկելով  ներկայացնել ճանապարհային քարտեզ՝ հստակ ու որոշակի միջոցառումների հաջորդականությամբ և պետական մարմինների ու մասնավոր հատվածի հստակ գործառույթներով:  

Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը  ՏՏ ոլորտը դիտարկում է որպես տնտեսության առանցքային ճյուղերից մեկը, և  ակնկալում է, որ պետություն-մասնավոր հատվածի հետևողական փոխգործակցության շնորհիվ  հնարավոր կլինի լուրջ արդյունքներ արձանագրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել