Panorama.am-ը գրում է.

«ԼՂ հարցի լուծման կոնկրետ ուղղություններ չկան»,-Panorama.am-ի հետ զրույցում, արձագանքելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Բաքվում արած հայտարարությանը, նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

Նա ընդգծեց՝ եթե այդ ուղղությունները կային, լավ կլիներ, որ պարոն Լավրովն ու Մամեդյարովը բացահայտեին, որ դրանց տեղյակ լիներ նաև հայ հասարակությունը:

«Ես չեմ կարծում, որ այդ ուղղությունները կան, բացի այդ, էլի եմ կրկնում, Հայաստանի և Արցախի համար բացարձակ ձեռնտու չէ այն թեզը, որ առաջ է տարվում հիմա Լավրով-Մամեդյարով այդ հանդիպման ընթացքում: Փորձում են Արցախի հիմնախնդիրը լուծել փուլային տարբերակով, ի՞նչ է նշանակում «ուղղություններ կան, որոնցով պետք է առաջ գնանք», ուղղությունները մեզ համար ընդհանուր պետք է լինեն, ոչ թե առաջ գնանք նրանցով, որ ձեռնտու են պաշտոնական Բաքվին»,- ասաց նա: Ըստ Համբարյանի՝ Սերգեյ Լավրովը փորձում է ԼՂ խնդրի կարգավորման փուլային տարբերակն առաջ մղել, որին պետք է ընդդիմանան և պաշտոնական Երևանը, և Ստեփանակերտը: Քաղաքագետը համոզված է՝ անգամ մի քայլ պետք է չնահանջենք լուծման փաթեթային տարբերակից, իսկ փուլային տարբերակը պարտություն է ամբողջ հայ ժողովրդի համար:

Համբարյանն անդրադարձավ Լավրով-Մամեդյարով հանդիպման ժամանակ հնչած մտքին, որ կարգավորման բոլոր գաղափարները սեղանին են: Հարցին՝ արդյո՞ք սա նշանակում է, որ ԼՂ խնդրի կարգավորման հարցում նոր առաջարկները բացառվում են, նա արձագանքեց, որ նոր առաջարկներ, որպես այդպիսին, չկան էլ:

«92 թվականից ԵԱՀԿ Մինսկի խումբը աշխատում է և բազմաթիվ, բազմաբովանդակ, «բազմագույն» առաջարկներով հանդես է եկել: Հիմա ես որքան հասկանում եմ՝ Մադրիդյան սկզբունքների շուրջ է գնում բանակցային գործընթացը: Էլի եմ կրկնում, հայկական կողմերի համար լուծման միակ տարբերակը փաթեթայինն է»,- ասաց նա: Համբարյանը նշեց՝ Բաքվի պաշտոնական դիրքորոշումը բոլորին քաջ հայտնի է՝ սեփական հասարակության առաջ իրենք առաջ են տանում «ամեն ինչ կամ ոչինչ» թեզը, իսկ բանակցային գործընթացում ասում են՝ դուք տվեք մեր, այսպես կոչված, օկուպացված տարածքները, մենք էլ մի հարյուր տարի հետո կորոշենք, թե Արցախում ինչպիսի հանրաքվե պետք է անցկացվի, ովքեր պետք է մասնակցեն: Քաղաքագետն ընդգծեց՝ մեզ համար դա բացարձակ ձեռնտու չէ, հայկական կողմերը միշտ հայտարարել են և առաջնորդվել հետևյալ սկզբունքով՝ տարածքներ կարգավիճակի դիմաց: «Անընդունելի է այյն, ինչ առաջարկում է մեզ պաշտոնական Ադրբեջանը, և հիմա, չգիտեմ ինչու, արդեն երկրորդ փուլում նաև պարոն Լավրովն է մտել դերի մեջ: Հիշում եք, անցյալ տարի էր, պարոն Լավրովն էլի ակտիվություն էր դրսևորում, բայց որքան հասկանում եմ՝ այդ տարբերակները որ նա առաջարկում է, մեզ բացարձակ ձեռնտու չեն»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել