Նոյեմբերի 20-ին Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Ինգիբյորգ Գիսլադոտիրի հետ։

Նախարարն անդրադարձել է Հայաստանի և ԺՀՄԻԳ-ի միջև հաստատված արդյունավետ համագործակցությանը: ԱԳ նախարարը նշել է, որ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, ընտրական գործընթացների բարելավման, օրենքի գերակայության բնագավառում Հայաստանում տեղի ունեցող շարունակական առաջընթացի գործում ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը կարևոր գործընկեր է հանդիսանում: Այս առումով նա ընդգծել է Հայաստան-ԺՀՄԻԳ համագործակցությունը ապրիլին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների շրջանակում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` ԺՀՄԻԳ տնօրենը պատրաստակամություն է հայտնել շարունակել ձևավորված սերտ փոխգործակցության ավանդույթը:

ԺՀՄԻԳ տնօրենը կարևորել է Հայաստանի ներդրումը այլատյացության և անհանդուրժողականության դեմ պայքարի միջազգային ջանքերում, այս առումով բարձր գնահատելով Հայաստանի կողմից ԵԱՀԿ ավստրիական նախագահության ու ԺՀՄԻԳ-ի համատեղ կազմակերպած «Քրիստոնյաների և այլ կրոնական խմբերի անդամների դեմ ատելության շարժառիթով հանցագործությունների կանխարգելումը և հակազդումը. հեռանկարներ ԵԱՀԿ-ից և անդին» խորագրով ԵԱՀԿ խորհրդաժողովի հյուրընկալումը: Ինգիբյորգ Գիսլադոտիրը կարևորել է նաև խորհրդաժողովին նախորդող երկու օրերի ընթացքում Երևանում նույն հարցերին նվիրված՝ քաղաքացիական հասարակության մասնակցությամբ ԺՀՄԻԳ սեմինարի անցկացումը:

Երկուստեք նշվել է, որ Ինգիբյորգ Գիսլադոտիրի առաջին այցը Հայաստան ԺՀՄԻԳ տնօրենի պաշտոնը ստանձնելուց հետո լավ հնարավորություն է ընձեռում մտքեր փոխանակել Հայաստան-ԺՀՄԻԳ համագործակցության հարցերի շուրջ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ԺՀՄԻԳ գործունեության, ԵԱՀԿ մասնակից երկրների միջև համագործակցության հարցերին։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել