Այսօր առավոտյան սոցցանցերում պտտվում էր ՌԴ ՊՆ քարոզչությունը սպասարկող «Զվեզդա» հեռուստաընկերութան հաղորդումներից մի հատված, որտեղ հաղորդավարուհին դեմքի հեգնական արտահայտությամբ ու նետող բառերով խոսում էր «ՌԴ գլխավոր դաշնակից» Հայաստանի մասին, որը, ըստ նրա, նոյեմբերի 24-ին Բրյուսելում պատրաստվում է անդամակցել Եվրամիությանը:

Ինձ համար հաղորդավարի նման անադեկվատությունն արդեն բավական էր նյութի շարունակությունը չդիտելու համար, սակայն զայրույթս ու զարմանքս կրկնապատկվեցին, երբ այդ կինը Գարեգին Նժդեհին նախ համեմատեց Ստեփան Բանդերայի հետ և հայտարարեց, թե «Նժդեհի արձանը վիրավորանք է հայ ազգի համար, որը երկրորդ աշխարհամարտի տարիներին խիզախաբար պայքարում էր ֆաշիզմի դեմ». Կրաշենիկովան պաթոսով հայտարարում է, որ 106 հայ սովետական միության հերոսներ են:

Մի քանի դիտարկմամբ փորձեմ որոշ հարցեր պարզաբանել. նախ` ինչու հենց այս փուլում հանկարծ հիշեցին Նժդեհի գործունեությունը և Երևանում կանգնեցված արձանի մասին` Նժդեհին ասոցացնելով Երրորդ ռեյխի հետ: Ակնհայտ է, որ սա հատուկ արված քայլ էր` փորձելով նոյեմբերի 24-ին ընդառաջ մի փոքր ցավեցնել ստրատեգիական դաշնակցին:

Պաթսի և քարոզի ցանկություն բնավ չունեմ, ուղղակի նման կերպ փաստերն աղավաղելն ու հերյուրանքներ հնչեցնելն ապտակ է ողջ հայ հանրությանը:

Այն հանգամանքը, որ Նժդեհին համեմատում են Բանդերայի հետ, խոսում է տգիտության և շովինիստական ատելության մասին, քանի որ նրանք բացառապես այլ գաղափարների, մակարդակի ու տրամաչափի գործիչներ են: Եթե Նժդեհը փորձել է համագործակցության եզրեր գտնել Գերմանիայի հետ, ապա Բանդերան ոչ միայն համագործակցել, այն նաև կոնկրետ գործունեություն էր ծավալել Ուկրաինայի ողջ տարածքում. նա ստեղծել էր հատուկ բանդիտական խմբեր, որոնք երկրի տարբեր հատվածներում բացահայտ տեռորով էին զբաղված: Անգամ պատերազմից հետո, երբ Բանդերան բնակվում էր Մյունխենում, այնտեղից ղեկավարում էր ընդհատակյա այդ ահաբեկչական շարժումը` ընդհուպ մինչև 50-ականների կեսերը:

Այս երկու գործիչներին համեմատելն ուղղակի դիլետանտություն է. մի դեպքում խոսքը փողոցային ինտրիգներ և ահաբեկչական ակտեր կազմակերպող ազգայնականի, մյուս դեպքում` փիլիսոփա և գաղափարական տեսաբան:

Ակնհայտ է, որ ռուսական քարոզչամեքենան, չնայած ոչ մի կոնկրետ խնդիրներ առաջ չի քաշել` կապված ՀՀ-ԵՄ համաձայնագրի հետ, սակայն այս որակի էժանագին գործողություններով մեսիջներ է հնչեցնում:

ՀԳ․ Դաշնակցական Նժդեհը, ով խորքային տիրապետում էր սոցիալիզմի ծալքերը, 1920-ին, երբ բոլշևիկները պատվիրակություն էին ուղարկել Լեռնահայաստան, բանակցությունների ժամանակ կոմունիզմ էր բացատրում բոլշևիկիներին՝ ապացուցելով, որ իրական սոցիալիզմի և կոմունիզմի հիմքում նման բռություններ և մարդկային զոհեր չկան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել