Վանաձորում այս օրերին ծավալվող դեպքերը գալիս են ևս մեկ անգամ արձանագրելու, որ քաղաքական համակարգը ճգնաժամի մեջ է։ Նախօրեին Վանաձորի գործող քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը հայտարարություն էր տարածել, որ ՀՎԿ Վանաձորի ավագանու խմբակցության ղեկավար Արկադի Փելեշյանի հետ համաձայնություն է ձեռք բերվել վերջինիս փոխքաղաքապետ նշանակելու հարցում։ Հիշեցնենք, որ ՀՎԿ-ն հուշագիր ուներ ընդդիմադիր Լուսավոր Հայաստան ու Բարգավաճ Հայաստան կուսակցությունների հետ, որով որոշում էին ընդունել ավագանու նիստում ԼՀԿ ավագանու ցուցակը գլխավորող Քրիստ Մարուքյանին քաղաքապետ ընտրելու հարցում։ Տեղի ունեցավ, սակայն, անսպասելին, ու քվեարկության օրը քաղաքապետ դարձավ Մամիկոն Ասլանյանը։ Այն, ինչ այդ օրերին տեղի ունեցավ Վանաձորում, անսպասելի համարել չի կարելի, սակայն, փաստացի, մինչ հիմա ՀՀԿ-ին հաջողվում էր ՀՅԴ-ի հետ նիստեր գումարել ու որոշումներ ընդունել։

Այժմ, երբ ՍԴ-ն որոշում է կայացրել, որ այդ նիստերի ընթացքում ընդունած որոշումները հակասահմանադրական են, ՀՀԿ-ն՝ ի դեմս Մամիկոն Ասլանյանի, ուներ հետևյալ հնարավորությունը՝ կա՛մ նիստեր գումարել, բացակա ավագանիներին համոզելով բերել դահլիճ, կա՛մ էլ պետք է նոր ընտրություններ տեղի ունենային։ Ինչպես տեսնում ենք, գնվեց օպտիմալ տարբերակը, և ՀՎԿ-ն ներկայանալու է նիստերին՝ այսպիսով բացահայտելով այն մարդկանց, ովքեր հուշագրի ստորագրումից հետո քվեարկել էին Մամիկոն Ասլանյանի օգտին։ Այժմ արդեն ընդունված օրենքները ՀՎԿ-ի միջոցով հնարավոր է համապատասխանեցնել սահմանադրական նորմերին, որով և հետագայում հնարավոր կլինի իրավիճակ շտկել ու խնդիրներ կարգավորել։

Իսկ ի՞նչ ազդեցություն կունենա սա հանրային կարծիքի ու քաղաքական մշակույթի ձևավորման վրա։ Կարելի է եզրակացնել, որ ոչ մի լավ բան, քանի սրանով ևս մեկ անգամ ապացուցվում է, որ խնդիրը տակավին գտնվում է ոչ թե մշակույթի, այլ անձերի միջև, և քանի դեռ անձերն են որոշում քաղաքականությունը և ոչ թե ինստիտուտները, ապա, վստահաբար, կարելի է ասել, որ մեր երկրում իրավիճակ չի փոխվելու։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել