168.am-ը գրում է.

Թուրքիայում 1920-ական թվականներին գործող, ազգային փոքրամասնություններին պատկանող 138 դպրոցից այսօր միայն 24-ն է մնացել: Թուրքական «Հյուրիյեթ» պարբերականը անդրադարձել է երկրում գործող ազգային փոքրամասնություններին պատկանող դպրոցների վիճակին և արձանագրել, որ դրանցից շատերը այսօր փակման վտանգի առաջ են:

Ըստ պարբերականի՝ դպրոցներից շատերը, որոնք գոյատևում են միայն նվիրատվությունների հաշվին, եթե այլ ֆինանսավորում չունենան և «շահ չհետապնդող կազմակերպության» կարգավիճակ չստանան, ապա կփակվեն:

Հոդվածում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները ներկայացրել են այս ոլորտում իրենց առջև կանգնած դժվարությունները:

Մասնավորապես հայկական Դադյան դպրոցի նախկին հիմնադիր խորհրդի անդամ Արսեն Արշըքը, ներկայացնելով Թուրքիայում գործող հայկական դպրոցների վիճակը, ասել է.

«Այսօր Թուրքիայում կա մոտ 60 հազար հայ: Եթե 1950-ական թվականների վերջերին մենք ունեինք 25 դպրոց և 9 հազար աշակերտ, ապա այսօր ունենք 16 դպրոց և 3 հազար աշակերտ: Երկրում կրթության ոլորտում կատարված փոփոխությունները բացասականորեն են ազդել նաև մեր դպրոցների վրա: Ֆիզիկայի , մեթեմատիկայի և մի քանի այլ առարկաների քննությունները կենտրոնացված են դարձրել և հետևաբար մեր աշակերտներին զրկել այս առարկանների քննությունները մայրենի լեզվով հանձնելու հնարավորությունից»:

ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ Արսեն Արշըք ավելացրել է, որ դպրոցների միակ ֆիանսավորումը նվիրատվություններն են, որոնք հազիվհազ փակում են ծախսերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել