Առաջիկա շաբաթն աչքի կընկնի ՀՀ արտաքին քաղաքականության համար շրջադարձային իրադարձությամբ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում տեղի կունենա Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, որի ընթացքում նախատեսվում է ստորագրել ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը:

Եվրոպան Ասիայի հետ կապող «հաղորդակցային միջանցք» և կասպյան էներգապաշարների մուտքն ապահովող «բնական դարպաս» հանդիսացող հարավկովկասյան տարածաշրջանի «ներուժի» իրացման հարցը հետխորհրդային ժամանակահատվածում իրավամբ կարելի է բնորոշել որպես տարածաշրջանային աշխարհաքաղաքականության ձևավորման և քաղաքական «կլիմայի» ձևավորման անկյունաքարային գործոն:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵՄ-ի համար դեռևս 90-ականների սկզբին տարածաշրջանը չէր ներկայացնում առանձնակի կարևորություն, այսօր այն վերածվում է ԵՄ-ի անվտանգության վրա զգալի ազդեցություն ունեցող գործոնի: Ներկա հակամարտությունները Հարավային Կովկասում կարող են դիտվել որպես կարևոր փորձաշրջան ԵՄ-ի համար հարավկովկասյան իր գործընկերների հետ իր երկկողմ ու բազմակողմ հարաբերություններում:

21-րդ դարից ԵՄ-ն աստիճանաբար ավելի հստակ և հետևողականորեն էր շարժվում տարածաշրջանի պետությունների և ժողովուրդների հետ իր հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ:

Մոտ մեկ ամիս առաջ հրապարակվեց ԵՄ և ՀՀ միջև կնքվելիք համաձայնագրի տեքստը։ Այն 386 հոդվածից բաղկացած մի փաստաթուղթ է, որտեղ անդրադարձ է կատարվում ԵՄ-ՀՀ գործընկերության ամենաբազմազան՝ քաղաքական, քաղաքացիական, իրավական, տնտեսական, էներգետիկ, բնապահպանական, կրթական, մշակութային և այլ ոլորտների կարգավորմանը, ինչպես նաև այդ ոլորտների բարեփոխումներին ու զարգացմանը խթանելու անհրաժեշտությանը:

Փաստաթղթի ներածական դրույթներում անդրադարձ կա Արցախի խնդրին: Ի մասնավորի նշված է, որ ընդունվում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ և տևական կարգավորմանն ուղղված Հայաստանի հանձնառության կարևորությունը և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջնորդությամբ ընթացող բանակցությունների շրջանակներում հնարավորինս շուտ կարգավորման հասնելու անհրաժեշտությունը:

Համաձայնագիրը կարգավորում է արտաքին և անվտանգության քաղաքականությունը, ըստ որի՝ կողմերը պետք է միասին լուծեն հակամարտության կանխարգելման և ճգնաժամի կառավարման, ռիսկի նվազեցման, անվտանգության ոլորտի բարեփոխման, տարածաշրջանային կայունության, զինաթափման, զենքի չտարածման և արտահանման վերահսկման հետ կապված խնդիրները:

ՀՀ-ն, լինելով ԵԱՏՄ անդամ երկիր, շարունակում է գործընկերային հարաբերություններ կառուցել ու զարգացնել ԵՄ-ի հետ, ինչը հնարավորություն է տալիս հանդես գալ որպես ԵԱՏՄ-ԵՄ միջև կապող օղակ: Այս հանգամանքը շատ կարևոր է նաև ԵՄ-ի հետ Ռուսաստանի լարված հարաբերությունների համատեքստում, հատկապես երբ ներկայումս ՌԴ-ն գտնվում է պատժամիջոցների տակ: Այս համաձայնագրի կնքումը մոդել կարող է հանդիսանալ նաև հետագայում ԵՄ-ԵՏՄ հարաբերություններին պայմանագրային հենք ստեղծելու համար: Բացի այդ՝ ԵՄ-ն ՀՀ-ին դիտում է որպես յուրահատուկ դարպաս դեպի Իրան: Ուշագրավ է, որ ԵՄ երկրների  հետաքրքրությունն իրանական ուղղությամբ վերջին շրջանում ակտիվացել են հատկապես միջուկային համաձայնագրի կնքումից հետո: ՀՀ-ին մնում է ըստ արժանվույն օգտագործել ընձեռնված հնարավորությունը: Շեշտենք, որ օրերս ՀՀ ժամանած Մոլդովայի նախագահը նշել էր, որ Հայաստանի վարած արտաքին քաղաքականության մոդելը շատ հետաքրքիր է իրենց համար՝ լինելով ԵՏՄ անդամ՝ կառուցել, հարաբերություններ խորացնել Եվրամիության հետ:

Ընդգծենք, որ ԵՄ-ն հավասարակշռված մոտեցում ունի ԼՂ հակամարտության համատեքստում, քանի որ կողմնակից է հակամարտության խաղաղ ճանապարհով լուծմանը: Բացի այդ՝ հիմք է ընդունում ՄԽ համանախագահության գործունեությունը հակամարության կարգավորման համատեքստում՝ ընդունելով հակամարտության կարգավորման համար ազգերի ինքնորոշման, հակամարտության խաղաղ կարգավորման և տարածքային ամբողջականության սկզբունքների կիրառումը միաժամանակ:

Ադրբեջանը երկար ժամանակ ջանքեր է գործադրում, որ ԵՄ-ն առաջ քաշի տարածքային ամբողջականության սկզբունքը ԼՂ հակամարտության կարգավորման համար, սակայն ԵՄ-ն չի համաձայնվում և Ադրբեջանի պահանջներն ապարդյուն են:

Հ.գ. Ադրբեջանը հույս ունի, որ Կատալոնիայի դեպքերից հետո եվրոպացիներն իրենց նախընտրությունը կտան տարածքային ամբողջականությանը, սակայն իզուր, քանի որ ԼՂ հակամարտությունն ունի իր յուրահատկությունը և նմանատիպ այլ խնդիրների փորձի կիրառումն այս հակամարտության համար օրինակ չի կարող հանդիսանալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել