Tert.am-ը գրում է.

Չինաստանի հետ պետք է ավելի լուրջ ու հստակ աշխատել՝ հասկանալու համար՝ մենք հնարավորություն ունե՞նք Մետաքսի ճանապարհից օգտվելու, թե՞ ոչ, որովհետև այս ճանապարհի մաս դառնալ ցանկացող երկրները շատ-շատ են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը: Ըստ նրա՝ անգամ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի բացումից հետո էլ Հայաստանը դեռ շանս ունի Մետաքսի ճանապարհի մաս դառնալու: «Դժվար է ասել, թե դրա իրականացումը ինչպես է լինելու, որովհետև իշխանությունը լուրջ չի վերաբերում այս ամենին: Լրագրողները, մասնագետները, քաղաքական գործիչները ավելի շատ են հետաքրքրվում, խոսում Մետաքսի ճանապարհի մասին, քան կառավարությունը»,- նշեց նա:

- ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նոյեմբերի 16-ն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին: Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր` այդ թվում Մետաքսի ճանապարհի վերականգնման վերաբերյալ։ Ի՞նչ եք կարծում՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի բացումից հետո Հայաստանը դեռևս շանսեր ունի՞ Մետաքսի ճանապարհի մաս դառնալու:

-Շանսը կա, բայց դժվար է ասել, թե դրա իրականացումն ինչպես է լինելու: Մետաքսի ճանապարհի հետ կապված մեզ մոտ ավելի շատ ցանկություններ են, և ամենակարևորը, որ մինչև վերջ այդ ծրագիրը չի ներկայացվել հանրությանը: Այսինքն` մինչև վերջ չեն բացում, թե ինչ է նշանակում Մետաքսի ճանապարհ, մոտ շրջանում Հայաստանի մասնակցությունն ինչպես կարող է լինել: Եթե բացվի, մնացած խոսակցություններն արդեն կարող են իրականություն դառնալ կամ չդառնալ՝ նկատի ունեմ կառավարության խոստումները: Հիմա մեզ ընդամենը առանձին մասեր են ներկայացնում այդ ամբողջ Մետաքսի ճանապարհի ծրագրից և փորձում են այդ առանձին մասերից ներկայացնել այն, ինչն իրենց պետք է: Տվյալ դեպքում այս կառավարությանն այս է պետք, այս է ներկայացնում, նախորդ կառավարությանն այն էր պետք, այն էր ներկայացնում: Եթե ամբողջական մեզ ներկայացնեն, մենք բոլորս մեր գիտելիքների շրջանակում կարող ենք գնահատական տալ, բայց, քանի որ չի ներկայացվում, մենք ընդամենը ենթադրություններ ենք անում: 2012 թ.-ին Մետաքսի ճանապարհի մի մաս էր ներկայացվում Հայաստան-Իրան երկաթգծի կառուցումը: Թե ինչքանով նոր երկաթգծի կառուցումը կմոտեցնի նպատակին, չեմ կարծում, որ ՀՀ-ում ինչ-որ մարդ կա, որը կարող է այս հարցի պատասխանը տալ: Ուղղակի Չինաստանի հետ պետք է շատ ավելի լուրջ ու հստակ աշխատել, որպեսզի կարողանանք հասկանալ՝ մենք հնարավորություն ունենք այդ Մետաքսի ճանապարհից օգտվելու, թե ոչ, որովհետև այս ճանապարհի մաս դառնալ ցանկացող երկրները շատ-շատ են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել