Հայաստանը հետաքրքրված է իրանական շուկայով, ուստի քայլեր են ձեռնարկվում մեր երկրում ոչխարաբուծության զարգացման համար: Ինչպես տեղեկացնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, այդ մասին այսօր Իրանի Իսլամական Հանրապետության  առաջնորդության բանիմացների խորհրդի անդամ, ԻԻՀ գյուղատնտեսության նախարարությունում հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ այաթոլլահ Հասան Ալամիի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում մահմեդական «հալալ» կանոններով  կատարվող մորթի կազմակերպմանն առնչվող հարցերի:

Այաթոլլահ Հասան Ալամին  նշել է, որ Իրանում մեծ պահանջարկ է վայելում Հայաստանում արտադրված  ոչխարի միսը, և իրենք հետաքրքրված են, որպեսզի քննարկվեն ոչխարի մսի արտահանման ծավալներն ավելացնելու և «հալալ» մորթ կազմակերպելու հնարավոր տարբերակներ: Ի պատասխան՝ Իգնատի Առաքելյանը նշել է, որ Հայաստանում կան ոչխարաբուծության զարգացման բոլոր նախադրյալները, սակայն արտահանումն ավելի երաշխավորված և հեռանկարային կլինի, եթե հստակեցվի շուկայի պահանջարկը: 

Հասան Ալամին իր հերթին նշել է, որ իրենց կողմից տրամադրվող «հալալ» մսի հավաստագիրն անցողիկ է   իսլամական  երկրներում, ինչը հնարավորություն է տալիս նաև  ընդլայնել արտահանման աշխարհագրությունը: Նախարարը կարևորել է Հայաստանում «Հալալի» գրասենյակ  բացելու աշխատանքների հնարավորինս արագ իրականացումը՝ հաշվի առնելով նաև ԻԻՀ–ում ստորագրված անասնաբուժության բնագավառում համագործակցության մասին հուշագիրը: Տնտեսական զարգացման և ներդրումների  նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը նշել է, որ նախարարությունը պատրաստ է անվճար տարածք տրամադրել` «Հալալի» գրասենյակ  բացելու համար:

Նախարար Առաքելյանը  կարևորել է նաև տոհմային գործի իրանական փորձի ուսումնասիրումը հայ մասնագետների կողմից, որի նպատակով առաջիկայում Հայաստանից աշխատանքային խումբ կմեկնի Իրան: Քննարկվել են նաև «հալալ» մորթի մշակույթի ներդրմանը, հստակ չափանիշների սահմանմանը, այլ սպանդանոցների բացման անհրաժեշտությանը վերաբերող, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել