Նոյեմբերի 17-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է պաշտոնական այցելությամբ Երևան ժամանած՝ Նիդերլանդների Սենատի նախագահ Անկի Բրուկերս-Կնոլի հետ։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ–ից, ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշել է, որ քառորդդարյա դիվանագիտական հարաբերությունների պատմության ընթացքում սա Նիդերլանդների խորհրդարանի ղեկավարի առաջին այցն է Հայաստանի և հույս հայտնել, որ այն նոր խթան կհաղորդի երկկողմ հարաբերություններին։

Նիդերլանդների Թագավորության Սենատի նախագահ Անկի Բրուկերս-Քնոլը նշել է, որ մեծ հաճույքով է այցելում Երևան ու կարևորեց Հայաստանի դերակատարությունը որպես կամուրջ Արևելքի և Արևմուտքի միջև:

Զրուցակիցները բարձր են գնահատել խորհրդարանական դիվանագիտության դերը միջպետական համագործակցության և մարդկանց միջև շփումների խթնաման գործում։

Էդվարդ Նալբանդյանը և Անկի Բրուկերս-Կնոլը կարևորել են երկու երկրների միջև իրավապայմնագրային դաշտի ընդլայնումը։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման ուղիների շուրջ: Այս համատեքստում նախարար Նալբանդյանը գոհունակությամբ հիշատակել է, որ ԵՄ երկրների շարքում Նիդերլանդները հանդիսանում է Հայաստանի կարևոր առևտրատնտեսական գործընկերներից մեկը։

Էդվարդ Նալբանդյանը և Անկի Բրուկերս-Կնոլը մտքեր փոխանակել են հաջորդ շաբաթ Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ։

ԱԳ նախարարն ու Սենատի նախագահն անդրադարձան միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի:

Էդվարդ Նալբանդյանը Նիդեռլանդների Սենատի ղեկավարին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման առաջմղման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող համատեղ ջանքերը։ Զրուցակիցները համակարծիք են եղել, որ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ բանակցային կարգավորմանն այլընտրանք չկա:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել