Նոյեմբերի 17-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է  Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) Ուզբեկստանի գրասենյակի ղեկավար պարոն Ֆուշիմի Կացուտոշիին: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ճապոնական կառավարության կողմից այս տարի հաստատված «Ճգնաժամային և աղետների ռիսկի կառավարման հանրային իրազեկման ցանց» ստեղծելու դրամաշնորհային հայտի շրջանակներում իրականացվող ծրագրի նախապատրաստական աշխատանքային հարցերը:

«Աղետների ռիսկի կառավարման նպատակով ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման բարելավման» ծրագիրը մեկնարկելու է 2018 թ.-ի մայիսին: Ծրագրի հիմնական նպատակն է հանրային իրազեկման ճիշտ քաղաքականության և մեխանիզմների կիրառմամբ նպաստել երկրում աղետների ռիսկի նվազեցմանը: Նախատեսվում է հիմնել և և տեխնիկապես հագեցնել ուսումնական կենտրոն, որտեղ աղետների մասին ուսանելու և տարատեսակ աղետների ժամանակ անհրաժեշտ վարքականոններին ծանոթանալու հնարավորություն կունենան հանրության բոլոր թիրախային խմբերը: Ծրագրի կարևոր բաղադրիչներից է նաև Հայաստանի ԶԼՄ-ների ներկայացուցիչների՝ աղետներն ու արտակարգ իրավիճակները լուսաբանելու ուղղությամբ վերապատրաստվելու հնարավորությունը:

Անդրադառնալով ծրագրի նպատակին՝ նախարար Տոնոյանն ընդգծել է   տարատեսակ աղետների և դրանց ընթացքում անհրաժեշտ վարքականոնների մասին բնակչության իրազեկման մակարդակի բարձրացման կարևորությունը՝ որպես երկրի դիմակայունության բարձրացման կարևոր բաղադրիչ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել