Ամերիկահայ երաժիշտ Սեբուն Հայաստանում ավելի շատ ճանաչվեց Սիրուշոյի հետ «Վույ աման» զուգերգից հետո։ Երաժիշտն այս օրերին հայրենիքում է ոչ միայն նոյեմբերի 20-ին Ջիվան Գասպարյան կրտսերի և VIZA խմբի հետ Երևանում կայանալիք համերգի, այլև ձմեռային հանգիստն այստեղ անցկացնելու և իրական Հայաստանը ճանաչելու համար։ Սեբուն լրագրողներին պատմել է առաջիկա ծրագրերի ու տպավորությունների մասին:

Երգիչը եկել է որդիների ու կնոջ հետ: Հայրենիքում մնալու է մոտ 2 ամիս. «Միշտ ամռանն եմ եկել Հայաստան, 1-2 շաբաթով։ Առաջին անգամ եմ այս եղանակին այստեղ: Ավագ որդուս՝ Րաֆֆիիս, կնքել եմ երեք տարի առաջ, մյուս որդուս՝ Հովանին, ևս ուզում եմ կնքել Հայաստանում ՝ այս սուրբ հողում»:

Սեբուն այնքան էլ ծանոթ չէ հայկական երաժշտությանը: Հայ երաժիշտներից սիրում է Տիգրան Համասյանին ու մեծ ցանկություն ունի համագործակցելու նրա հետ. «Շփվում ենք Տիգրանի հետ, բայց դեռևս ծրագիր չկա: Եթե ստացվի ինչ-որ կերպ համագործակցել, ես միայն ուրախ կլինեմ»:

IMG_7010 copy

Բնությունը, երկիրը, մարդիկ, սերը, արվեստը, ճարտարապետությունն ամեն ինչ ներշնչանքի աղբյուր է երաժշտի համար: Սեբուն այս ընթացքում ևս չի դադարելու ստեղծագործել. «Պիտի փորձեմ աշխատել երաժշտության վրա և ներշնչվել: Հայ երիտասարդների հետ շփվել եմ, շատ տաղանդավոր են: Կարծում եմ՝ նրանց պետք է հնարավորություն տալ: Մեծ ցանկություն ունեմ ուսումնասիրելու Կոմիտասի երաժշտությունը»:

Հնարավոր է, որ, բացի Երևանից ու Գյումրից, Սեբուն համերգով հանդես գա նաև Ստեփանակերտում. «Եղել եմ Արցախում և տպավորված եմ: Ուզում եմ իմ մասնակցությունն ունենալ Արցախի պայքարին, ուղղակի չգիտեմ` ինչպես: Բարեգործական համերգների առաջարկ եթե ստանամ, սիրով կմասնակցեմ։ Եթե այս տարի ստացվի, շատ ավելի լավ, եթե ոչ, ես նորից կվերադառնամ խոստումս կատարելու համար»:

Հարցին` ի՞նչը նրան դուր չի  գալիս Հայաստանում, Սեբուն անկեղծորեն ասաց. «Երեկ ոստիկանների հետ միջադեպ է եղել։ Տարիներ առաջ շատ ավելի վատ էր, սակայն հիմա էլ է ոստիկանությունը կաշառք վերցնում։ Երեկ նման մի դեպք պատահեց»,- եզրափակեց երաժիշտը։

20622109_1450409468372138_8873705108706476057_n.jpg

 

Նյութը՝ Էմմա Վարդանյանի

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել