Սերժ Սարգսյանը Մոլդովայի նախագահի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ պետք է իրագործվեն Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի ու Ժնևի պայմանավորվածությունները: Կարևորը Վիեննայի հիշատակումն էր: Վիեննայի հանդիպումը տեղի ունեցավ ամերիկյան նախաձեռնությամբ և ընդունեց բանակցությունը վերսկսելու հայկական պայմանները, մասնավորապես՝ դիտարկման մեխանիզմների տեղակայման մասով: Սերժ Սարգսյանի այս հայտարարությանը հետևեց ԵԱՀԿ-ի մշտական խորհրդի նիստում հայկական պատվիրակության ղեկավար դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը, որով վերահաստատվեց հայկական կողմի անվերապահ աջակցությունը Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածություններին, որոնք նախատեսում են ԵԱՀԿ հետաքննության մեխանիզմների ստեղծում և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնում: Նոյեմբերի 9-ին տեղի ունեցած այդ նիստում քննարկվել է նաև ղարաբաղյան խնդիրը: ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության ժամանակավոր ղեկավար Հարրի Քամիանը կոչ է արել կողմերին իրագործել Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի հանդիպումներում ձեռքբերված պայմանավորվածությունները:

Հայաստանը, փաստացի, քաղաքական լուրջ աջակցություն ստացավ ԱՄՆ-ից ու եվրոպական կառույցներից, Վիեննայի օրակարգի շեշտադրմամբ: ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում Ռուսաստանը նույնպես հանդես եկավ Վիեննայի օրակարգի օգտին: ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հայտարարեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելության արդյունավետության անհրաժեշտ պայման է տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել