Panorama.am-ը գրում է.

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտը յուրահատուկ է: Այն, անգամ Արցախյան հիմնախնդրից անկախ, ՌԴ-ԱՄՆ երկխոսության մի յուրահատուկ հարթակ է: Նոյեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Թևան Պողոսյանն անդրադարձավ վերջին օրերին քննարկվող՝ Մինսկի խմբի ձևաչափի փոփոխության հարցին:

Նա նշեց, որ պետք է գիտակցել՝ թե ՌԴ-ն, թե ԱՄՆ-ն իրենց շահերն ունեն այս հարթակում:

«Եթե այդ երկրի շահը լինելու է, որ իրենց այդ համագործակցության վերջին կետն էլ պետք չի, այդ ժամանակ գուցե քայլեր ձեռնարկեն կամ պասիվացնեն, որ այդ ինստիտուտի գործունեությունը չլինի էլ: Սցենարները կարող են տարբեր լինել, բայց այնտեղից դուրս գալուց առաջ պիտի պատճառները նշեն: Ի՞նչ են ասելու՝ գումար չունե՞ն, կարծեք թե երբևէ ԱՄՆ-ում նման բացատրություն չեն նշել, որ դիվանագետ պահելու գումար չունեն»,- ասաց նա:

Պողոսյանը նշեց, որ այսօրվա դրությամբ՝ ոչ ԱՄՆ-ին, ոչ ՌԴ-ին, ոչ Ֆրանսիային որևէ բան չի խանգարում լինել Մինսկի խմբում, հակառակը՝ երեքն էլ ձգտում են մնալ, թույլ չտալ ոչ ավելացում, ոչ պակասեցում, որ կարողանան հասնել իրենց շահերի իրականացմանը: Պողոսյանի կանխատեսմամբ՝ ԵԱՀԿ ՄԽ ոչ ձևաչափի, ոչ կազմի փոփոխություն չի լինի:

Անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան այցին, Պողոսյանը նշեց, որ այցը գերագնահատված չէ. մեր «ռազմավարական դաշնակից» երկրի ԱԳ նախարարն է գալիս Հայաստան, դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի առիթով, նման այց ամեն օր չի լինում: Նույն սենյակում՝ խոսելու են ՌԴ շահերի մասին, ՌԴ ԱԳ նախարարին հարցեր են ուղղվելու, տեսակետներ են լսելու, նույն կերպ Լավրովն է հարցեր ուղղելու, պատասխաններ լսելու:

Ըստ Պողոսյանի՝ քննարկվելու է հարցերի լայն շրջանակ՝ սկսած Սիրիայից Թուրքիա, Լատինական Ամերիկայից մինչև Արցախ: Այդ հարցերի քննարկումն, ըստ բանախոսի, միշտ էլ լինելու է, բայց սպասել, որ ինչ-որ բան է փոխվելու, պետք չէ. Լավրովի այցից չորս օր անց ավելի շատ քննարկելու են ԵՄ հետ համագործակցության հարցը:

Պողոսյանի խոսքով՝ պետք չէ ամեն հարցի այն նշանակությունը տալ, թե երկիրը դրանով է ապրում: Մանավանդ, մենք ինչ-որ չափով արտաքին բալանսավորված քաղաքականություն տանում ենք, բայց ներքին կյանքի զարգացում է անհրաժեշտ:

ԼՂ հարցով զարգացումներում առանձնակի լուրջ փոփոխությունների սպասելիքներ Թևան Պողոսյանը չունի, բացի նրանից, որ դեկտեմբերի կեսին երևի Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն ու կքննարկեն սահմանին լարվածության նվազման մեխանիզմների ներդրման հարցը, որի պայմանավորվածությունն, ի դեպ, ձեռք է բերվել դեռ մեկուկես տարի առաջ:

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել