Yerkir.am-ը գրում է.

Օրերս մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանը մեկ ամսում 2 մլն դրամի չափով խոսել է հեռախոսով, որը ԱԺ-ն հատուցել է պետական բյուջեի հաշվին:

Հիշեցնենք, որ լրագրողների հետ զրույցում, պարզաբանելով այս հրապարակումը, Հերմինե Նաղդալյանը մասնավորապես ասել էր. «Ի՞նչը մեկնաբանեմ: Հեռախոսս տեխնիկական խնդիրներ ուներ, 3G-ն անջատված չի եղել, դրա համար է այդպես եղել»:

ԱԺ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը ևս մեկնաբանել էր հարցը: Նա իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «3g-ի պատմությունը դեռ մայիսին էր ավարտվել աշխատակազմի ու վիվասելի բանակցությունների արդյունքում։ Վիվան, հաշվի առնելով, որ խնդիրը եղել է ընդամենը տեխնիկական, ըմբռնումով է մոտեցել ու դեռ մայիսին զիջման գնացել»։

Սակայն այսօր «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շրջանում ԶԼՄ-ներում արծարծվող հարցերի կապակցությամբ, Ընկերությունն իրականացրել է ներքին ուսումնասիրություն և կարող է ամբողջ պատասխանատվությամբ հավաստել, որ Ընկերությունը չի ունեցել դուրս գրվող հաշիվներում շեղում առաջացնող որևէ տեխնիկական խնդիր, մատուցված ծառայությունների դիմաց հաշիվները տրվել են հավուր պատշաճի, դրանք չեն վերանայվել Ընկերության կողմից և վճարվել են բաժանորդի կողմից»:

Բաբայանն այսօր, անդրադառնալով «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության պարզաբանմանը, ասաց. «ԱԺ գործերի կառավարչությանը հանձնարարվել է ուսումնասիրել մայիս ամսին ընկերության կողմից ներկայացված հաշվի զգալիորեն պակաս լինելու պատճառները, քան նախնական ներկայացված տեղեկությունում էր, որն էլ ընկալվել է որպես պարտքի զիջում: Ուսումնասիրությունները կավարտվեն, կտրվի պարզաբանում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել