Խոսակցություններ կան, որ Գիտությունների ազգային ակադեմիայի շենքը սեփականաշնորհվելու է և բնականաբար սկսվել է լալահառաչ արձագանքները. թե ինչպե՞ս եղավ, որ գիտությունն այդքան երկրորդական ոլորտ դարձավ և հիմա էլ շենքն են խլում:
Լավ, ինչպե՞ս հասկացնենք, որ ակադեմիաներով, նրա ամուլ կամ իմպոտենտ կառույցներով, ինստիտուտներով, ապարատային գիտնականներով, տարկետումներով գիտություն չի զարգանա: Ինչպե՞ս հասկացնենք, որ գիտությունների ակադեմիաներն իրենց կառույցներով և ստեղծագործական զանազան միություններն ու համքարությունները խորհրդային ռուդիմենտար օրգաններ են և գոյություն ունեն ու գործում են հիմնականում միայն հետխորհրդային երկրներում: Աշխատում նույն ոճով, նույն կերպ և նույն մեթոդներով՝ իրենց ձևական համագումարներով ու ժողովներով…
Եվ այդ կառույցները, բյուջեից սնվելով, գրեթե ոչինչ չեն անում, ու կարծես, գիտությունն էլ չի զարգանում: Միայն «լիքը պաշտպանած զանազան գիտնականներ» են աշխատում՝ չհաշված հատուկենտ իսկական գիտության նվիրյալների…
Իսկ այդ մոնստր, ուռճացված, բյուրոկրատական կարծրատիպերից զոմբիացած նման կառույցները բյուջեով պահելու փոխարեն պետք է այդ գումարները, հատկացումները, օգնություններն ուղղել միայն ու միայն կոնկրետ, իրոք արժեքավոր, լուրջ հայտնագործությունների, գյուտերի, գիտական աշխատությունների, ստեղծագործությունների իրականացմանն ու խրախուսմանը: Իսկ ԳԱ, մյուս ստեղծագործական միությունների վարչական շենքերը եթե այլ նպատակով օգտագործվեն, սեփականաշնորհվեն, ապա դրանից երկիրը, ժողովուրդը միայն ու միայն կշահեն…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել