168.am-ը գրում է.

Դեռահասները, որոնք օրական հինգ ժամից ավելի սմարթֆոն են օգտագործում, ենթակա են ընկճախտով հիվանդանալու կամ ինքնասպանությամբ կյանքին վերջ տալու մեծ վտանգի: Ընդ որում՝ գաջեթների օգտագործման ժամանակից վատ տրամադրության կախվածությունն ավելի ցայտուն է արտահայտված աղջիկների մոտ:

Ամերիկացի գիտնականներն այս եզրակացությանն են հանգել 506 հազար 820 մարդկանց շրջանում անցկացված սոցհարցումների հիման վրա: Այդ մասին գրել է Clinical Psychological Science հանդեսը: Հետազոտողներն օգտագործել են Monitoring the Future-ի եւ Youth Risk Behavior Surveillance System-ի հարցումների տվյալները: Դրանց մասնակցել են ամերիկյան դպրոցների 13-ից մինչեւ 18 տարեկան աշակերտները:

Հարցումները հարցեր են ներառել այն մասին, թե երեխաները որքան հաճախ են զգում ընկճախտի ախտանիշերը, երբեւէ պլանավորել են արդյոք ինքնասպանության փորձ անել: Միաժամանակ դեռահասները պատմել են, թե իրենք օրական որքան ժամանակ են օգտագործում էլեկտրոնային սարքեր: Գիտնականները պարզել են, որ երեխաների մոտ ընկճախտի եւ սուիցիդային տրամադրությունների կտրուկ աճն սկսվել է 2010-ական թվականներին:

Ընկճախտի ախտանիշերի բարձր մակարդակի մասին 2015 թվականին 33 տոկոսով ավելի շատ մարդիկ են հայտնել, քան 2010 թվականին: Օրական հինգ ժամից ավելի սմարթֆոններ կամ պլանշետներ օգտագործող դեռահասների 48 տոկոսի մոտ հայտնաբերել են առնվազն մեկ նախանշան, որը կապված է սուիցիդային վարքագծի հետ: Գաջեթներից օրական մեկ ժամից պակաս օգտվողների թվում նման նախանշանների մասին հայտնել է միայն 28 տոկոսը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել