ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Թ.Ալավերդյանին՝ հիվանդանոցից փախուստի դիմելու համար:

Նախնական քննությամբ պարզվել է, որ 1987թ. ծնված Թ.Ալավերդյանն ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով դատապարտվել է ազատազրկման (դատավճիռը դեռ չի մտել օրինական ուժի մեջ) և պահվել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ Առողջական խնդիրների կապակցությամբ 10.11.2017թ. նա տեղափոխվել է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց և պահվել նշված հիվանդանոցի մեծահասակների 5-րդ բաժանմունքի հիվանդասենյակում։ Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ կալանավորը, օգտվելով իր նկատմամբ հսկողություն իրականացնող, պաշտոնատար անձ հանդիսացող ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցների կողմից ծառայության նկատմամբ դրսևորած անփույթ վերաբերմունքից, հիվանդասենյակի սանհանգույցից օգտվելու պատրվակով լույս նոյեմբերի 14-ի գիշերը մտել է սանհանգույց, ապա՝ ընդհանուր բաց պատշգամբ դուրս եկող դռնով դիմել փախուստի:

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության և ոստիկանության աշխատակիցների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում նույն օրը նա հայտնաբերվել է Արմավիրի մարզում և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 30-ամյա Թ.Ալավերդյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել