Yerkir.am-ը գրում է.

ԱԺ-ն քննարկում է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող` արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսանը նշեց, որ անհրաժեշտությունը ժամանակի հրամայական էր և վերաբերում է Վարչական վերաքննիչ դատարանի դատավորների թվին:

«Վարչական վերաքննիչ դատարանը գերծանրաբեռնվածությամբ է աշխատում, և գաղտնիք չէ, որ եթե վարչական վերաքննիչ դատարան բողոք ներկայացվի, գործը վարույթ է վերցնում և նիստը նշանակում 2019թ. հուլիսին: Սա պայմանավորված է նրանով, որ երբ ստեղծվեց վարչական վերաքննիչ դատարանը, կազմում 16 դատավոր էր, հետագայում, երբ փոփոխություններ կատարվեցին, դատավորների թիվը 10-ով ավելացավ, որը նշանակում է՝ նոր գործեր, բայց վերաքննիչում մնացին 6-ը»,- ասաց նա:

Փոխնախարարի խոսքով՝ սա հանգեցրեց նրան, որ այսօր գերծանրաբեռնվածության պայմաններում չեն կարողանում ապահովել անձի արդար դատաքննության իրավունքը, որի կարևոր բաղադրիչ է նաև ողջամիտ ժամկետում քննումը: Հովհաննիսյանը նաև նշեց, որ եթե 2016-ին վերաքննիչ վարչական դատարանում 1496 գործ կար, 2017-ի հունիսի դրությամբ` դրանց թիվը 3149-ն է:

«Սա է պատճառը, որ նախաձեռնել ենք փոփոխությունը` նախատեսելով վերաքննիչ դատարանի դատավորների թիվը ավելացնել երեքով և, հաշվի առնելով ֆինանսական վիճակը, վարչական դատարանի դատավորների թիվը երեքով նվազեցնել: Բայց որ նույն խնդիրը չլինի վարչական դատարանում` ծանրաբեռնված չաշխատեն, առաջարկում ենք մյուս նախագիծը, որով նախատեսում է պարզեցնել վարչական դատարանի գործերի քննության ընթացակարգը»,- ասաց փոխնախարարը:

Նա հավելեց, որ խոսքը վերաբերում է անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա գումարի բռնագանձման գործերին: «Դրանք այն ակտերն են, որ վարչական մարմիներն ընդունել են, և անձը չի վիճարկել»,- ասաց Հովհաննիսյանը և նշեց, թե այսօրվա ընթացակարգով դատարան պետք է դիմել բոլոր այն գործերով, որոնք երկու հարյուր հազար դրամի շեմն անցնում են՝ անկախ վարչական ակտը վիճարկվել է, թե` ոչ, և պատասխանող կողմն էլ չի առարկում:

«Բայց դատարանը նիստ պետք է աներ, ընդ որում՝ երկու` նախապատրաստման և անցկացման, որը ժամանակ է խլում: Բայց եթե անձը չի բողոքում, իրավաչափ է, նախատեսում ենք, որ դատարանը կարող է գրավոր ընթացակարգ կիրառել, և եթե լինի անհրաժեշտություն, դատարանը կանցնի գրավորից բանավորին»,- ասաց փոխնախարարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել