ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ՝ Իգոր Պապովը (Ռուսաստան), Ստեփան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) նոյեմբերի 14-16 ընկած ժամանակահատվածում առանձին-առանձին հանդիպել են  Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական  ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։ Այս մասին նշված է ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից տարածված հայտարարության  մեջ։

«Համանախագահները Արտաքին Գործերի նախարարների հետ քննարկել են  2017 թվականին  հոկտեմբերի 16-ին Ժնևում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ կայացած գագաթաժողովի ժամանակ ձեռք բերված համաձայնությունների իրականացմանն ուղղված հստակ քայլերը, ինչպես նաև Ժնևում համանախագահների կողմից բարձրացված այլ հարցեր։

Հանդիպման ժամանակ, համանախագահները և ԱԳ նախարարները քննարկել են ներկայումս բանակցային սեղանին գտնվող մի շարք աշխատանքային առաջարկներ։

Նախարարները համաձայնվել են  հանդիպել այս տարվա դեկտեմբերին՝ Վիեննայում կայանալիք ԵԱՀԿ նախարների խորհրդի նիստի ժամանակ։

Համանախագահները այս հանդիպման օրակարգը կպատրաստեն, որը կներառի քաղաքական կարգավորման հիմնարար հարցեր, ինչպես նաև շփման գծում լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ հատուկ միջոցառումներ։

Հատուկ ուշադրությունը կդարձվի ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման վերջնական աշխատանքներին»,-նշված է հայտարարության մեջ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել