Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ժոնաթան Լաքոտին:

Վարչապետը շնորհավորել է դեսպանին՝ դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի հայ-ֆրանսիական բարձր մակարդակի հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Կառավարության ղեկավարը կարևորել է երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի խորացումը և ընդգծել, որ Հայաստանը ֆրանսիական ընկերությունների համար կարող է լինել Եվրասիական տնտեսական միության և իրանական շուկաներ դուրս գալու լավագույն հարթակը:

Կարեն Կարապետյանը հեռանկարային է համարել ներդրումային ծրագրերի իրականացումը էներգետիկայի, գյուղատնտեսության, զբոսաշրջության, տրանսպորտի, ջրային ռեսուրսների կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում: Կառավարության ղեկավարը կարևորել է Ֆրանսիայի դերը Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններում և երկկողմ համագործակցությունը միջազգային տարբեր հարթակներում:

Դեսպանը նշել է, որ կիսում է վարչապետ Կարապետյանի կարծիքը երկկողմ հարաբերությունների, այդ թվում՝ տնտեսական կապերի ակտիվացման վերաբերյալ: Ժոնաթան Լաքոտն ավելացրել է, որ արդեն իսկ այցելել է Հայաստանում գործող ֆրանսիական տարբեր ընկերություններ, որոնք հաջող գործունեություն են ծավալում:

Դեսպանի խոսքով, ֆրանսիական տարբեր ընկերություններ նույնպես հետաքրքրված են հայկական շուկա մուտք գործելու, մասնավորապես, թափոնների կառավարման, էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, ՏՏ և այլ ոլորտներում գործունեություն ծավալելու հարցում: Դեսպան Լաքոտը նշել է, որ տպավորված է ՏՏ բնագավառում Հայաստանի ներուժով և նկատել, որ այս ոլորտում ևս համագործակցության հնարավորություններ կան: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել