«Չկա տղամարդ, չկա պրոբլեմ». երեկ Երևանի պետական կամերային թատրոնում պրեմիերա էր: Դերասանուհիներ Էվա Խաչատրյանը, Նոնա Գրիգորյանը, Արմինե Նազարի-Դեխնավինրին, Սոֆյա Սողոմոնյանը քննարկում և բարձրաձայնում են այնպիսի թեմաներ, որոնց մասին հաճախ խոսում են կանայք: Աղջիկները համախմբվել են և որոշել ստեղծել մայրիշխանություն՝ իրենց շարժումն անվանելով ՀՀՖՇ (Հայաստանի հանրապետության ֆեմինիստական շարժում):
Ներկայացումն ինտերակտիվ էր, որին մասնակից էր նաև հանդիսատեսը, մասնավորապես՝ տղամարդիկ, ովքեր հաճախ դառնում են աղջիկների «զոհերը»: Արա Երնջակյանի խոսքով՝ ներկայացումը հոռետեսական կատակերգություն ժանրում է. «Կամերային թատրոնի ստեղծման օրից մենք աշխատել ենք անդրադառնալ, ինչ-որ կերպ արձագանքել այն խնդիրներին, որոնք կան մեր շրջապատում. այս ներկայացումն էլ այդ ավանդույթի շարունակությունն է: Աշխարհում շատ են խոսում մայրիշխանության մասին: Այդ հարցը հասավ նաև մեզ մոտ, որին որոշեցինք ներկայացման տեսքով անդրադառնալ»:
«Չկա տղամարդ, չկա պրոբլեմ» ներկայացումը Արա Երնջակյանն ի սկզբանե բեմադրել էր իր ուսանողների հետ, այնուհետև եղել են փոփոխություններ. «Այս ներկայացումը ես սկսեցի ութ հոգու համար, պարզապես այնպես ստացվեց, որ մեր դերասաններից երկուսն առողջական խնդիրներ ունեցան: Շատ շուտով ուրիշ դերասաններով էլ կտեսնեք այս ներկայացումը»: