Վերջին օրերին միջազգային մամուլը, նաև Սիրիայի, Ռուսաստանի, Իրանի պաշտոնական շրջանակներն ակտիվորեն անդրադառնում են հոկտեմբեր ամսվա երկրորդ կեսին «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման ֆորմալ «մայրաքաղաքը» հանդիսացող սիրիական ալ-Ռակկա քաղաքի ազատագրման ընթացքում տեղի ունեցած բավական ուշագրավ իրողություններին:
Բանն այն է, որ ռազմագործողությունն իրականացնող ընդդիմադիր «Սիրիական դեմոկրատական ուժերի» (ՍԴՈւ) և ԱՄՆ-ի գլխավորած հակաահաբեկչական կոալիցիայի ներկայացուցիչները ԻՊ զինյալների հետ բանակցություններում թույլատրել են, որ շուրջ 4 հազար ահաբեկիչներ և նրանց ընտանիքների անդամներ ամբողջ սպառազինությամբ լքեն քաղաքը։ Գործողությունը տեղի է ունեցել ՍԴՈւ-ի կողմից տրամադրված ավտոմեքենաներով՝ կոալիցիոն օդուժի հսկողության ներքո:

Տեղափոխումն, ընդհանուր առմամբ, իրականացվել է 50 բեռնատարով, 13 ավտոբուսով, ահաբեկիչներին պատկանող ավելի քան 100 ավտոմեքենայով՝ բոլորն էլ ամբողջովին բեռնված մարդկանցով և սպառազինությամբ. ավտոշարասյան ընդհանուր ձգվածությունը կազմել է մոտ 8 կմ: Էվակուացված զինյալների շարքերում մեծ թիվ են կազմել օտարերկրացիները՝ Ադրբեջանի, Պակիստանի, Ֆրանսիայի, Թուրքիայի, Եմենի, Սաուդյան Արաբիայի, Չինաստանի, Թունիսի, Եգիպտոսի քաղաքացիներ և այլն: Իսկ կոալիցիայի ղեկավարության հայտարարության համաձայն՝ քաղաքից դուրս է բերվել ընդամենը 250 զինյալ՝ 3500 ընտանիքի անդամներով:
Ալ-Ռակկայի ազատագրմանը հաջորդած ԻՊ-ի հետագա պարտությունների հետևանքով մեծացել է զինյալների «արտագաղթը» Սիրիայից, ինչը նպաստել է դեպի Թուրքիայի տարածք ապօրինի կերպով անցնելու իրողությանը։ Այդ «բիզնեսով» զբաղվող մաքսանենգները 1 անձի համար պահանջում են 600, իսկ ընտանիքի համար՝ 1500 դոլար գումար:

Հ.Գ. Հարկ է նշել, որ վերոնշյալ գործարքից առաջ ՍԴՈւ ամբողջովին մեկուսացրել էր ալ-Ռակկան՝ այնտեղից հեռացնելով ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, իսկ էվակուացիայի վերաբերյալ տեղեկատվությունը հնարավոր է եղել ստանալ դրան մասնակցած վարորդներից և որոշ զինյալներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել