Yerkir.am-ը գրում է.

ԱԺ-ում 2018 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը համաձայն չէր այն դիտարկման հետ, որ եթե ընդդիմություն է, ուրեմն դեմ պետք է քվեարկի: Նա նշեց, որ իրենք դեմ քվեարկելու հիմնավորումները ներկայացնում են:

«Մազոխիստական մոտեցում է կառավարության կողմից, որ քննադատելու, կպնելու տեղ թողնեն՝ առնվազն կարևորագույն երեք կետով նվազեցնելով դրամական ծախսերը: Կարող է կան մարդիկ, ովքեր ավելի շատ ժամանակ են անցկացրել այլ պետություններում պաշտոնավարելիս, ֆինանսական կորպորացիաներում աշխատելիս, ՀՀ-ում օտարերկրյա կազմակերպություններ ղեկավարելիս, միգուցե դրա համար են կրճատել կրթության, առողջապահության, սոցիալական ծախսերը: Ախր գոնե սիմվոլիկ պետք է ավելացում տալ, ոչ թե նվազեցում, որ խոսելու տեղ չլինի: Երևի հոգեբանության դրսևորում է»,- ասաց պատգամավորը:

Ուրիխանյանը հայտարարեց, որ տրանսպորտի և կապի նախարարությունը հավանաբար ՀՀ-ում  ոլորտը զարգացնելու համար առաջարկ է արել, որ բյուջեում տեղ գտնի մի դրույթ, ըստ որի՝ «Հարավկովկասյան երկաթուղուն» սուբսիդիա տրամադրվի: «Ուղևորափոխադրումներից ստացած վնասի դիմաց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին պետական բյուջեից սուբսիդիա է տրամադրում 308 մլնի չափով: Սիրելիներս, 365 միլիոն համադրելի գումարով նվազեցրել եք սոցիալական ծախսերը»,- ասաց նա:

Պատգամավորը նշեց, որ ջրային տնտեսության ոլորտում, ըստ բյուջեի, շարունակելու են արտաքին աղբյուրներից ստացած նպատակային վարկերով ծրագրեր իրականացնել: «Ջրային տնտեսության ոլորտում հայտնի դրամաշրջանառության և եկամուտների այլևայլությունների պատմությունները պատմե՞մ, թե՞ գիտեք` որտեղից կարող էր բերել»,- ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել