Տարկետման իրավունքի վերացման դեմ միջոցառումն իր բովանդակությամբ գուցե հետաքրքիր ընթացք չապահովեց շարժման ձևավորման, ընթացքի ու ավարտի ազդարարման առումով, սակայն մեծապես նպաստեց իշխանության վերնախավում տեղի ունեցող վերադասավորումները հասկանալուն։ Ի տարբերություն քաղաքացիական նախորդ միջոցառումների (Էլեկտրիկ Երևան, Դեմ եմ, 100 դրամի պայքար)՝ այս միջոցառման հրապարակային մասն ավելի շուտ ավարտվեց՝ ազդարարելով պայքարի երկրորդ՝ կլոր սեղանի շուրջ քննարկումների փուլը։ Անշուշտ, այստեղ իշխանությունից զիջումներ կորզելու շանսերը շատ ավելի քիչ են, սակայն դեռ հնարավոր են։

Ինչ մնում է իշխանության մեջ ընթացող վերադասավորումներին, ապա այստեղ պետք է հաշվի առնել, որ, նորից ի տարբերություն նախորդ միջոցառումների, տարկետման վերացման դեմ պայքարը միակ միջոցառումը չէր, որ տեղի էր ունենում երկրում։ Զուգահեռաբար Առինջ մոլի ներկայացուցիչներն Ազգային ժողովի դիմաց բողոքում էին ՊԵԿ-ից ու վարչապետից՝ իրենց նկատմամբ հարկային տեռոր իրականացնելու համար։ Ըստ նրանց՝ հարկային մարմինները փորձում են տնտեսվարող սուբյեկտներից հարկել շատ ավելին, քան օրենքով նախատեսված է։ Առինջ մոլը, ինչպես գիտենք, պատկանում է Գագիկ Ծառուկյանին, իսկ քաղաքական երկրորդ ուժի հարաբերություններն, առհասարակ, ՀՀ կառավարության հետ, մեղմ ասած, ամենալավերից չեն։ Այստեղ խնդիր ունենք, ինչպես տեսնում եք, չորս սուբյեկտների առճակատման հետ, որտեղ ամեն մեկն իր չափով պայքար է մղում իշխանության ներկայացուցիչների դեմ, ուսանողությունը՝ ՊՆ Վիգեն Սարգսյանի դեմ, իսկ Ծառուկյան դաշինքը՝ վարչապետի։

Դեպքերից առաջ անցնելով ասենք, որ հավաքական առումով ուսանողությունն իշխանության դեմ պայքարում ռեսուրսների անհավասարության պատճառով նահանջեց, սակայն անձամբ Վիգեն Սարգսյանի համար առաջացրեց բազում դժվարություններ, այնքան, որ հարկ եղավ ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ օրենքը հաստատելու ժամանակ նրան երկրից մեկուսացնելու, որպեսզի երկրորդ հանդիպում տեղի չունենա ուսանողների հետ։ Առաջին հանդիպման ժամանակ դրան ներկա էր նաև վարչապետը։ Վիգեն Սարգսյանը հանրային շփման մեջ, մեղմ ասած, ցույց չտվեց այն ճկունությունը, որը նրանից սպասում էին կամ սովոր էին տեսնել, փոխարենը ակնհայտ ջղաձգվելով, տեղ-տեղ քամահրանքով խոսելով ուսանողների հետ՝ Սարգսյանը ցույց տվեց, որ ակնհայտորեն չի տիրապետում հանրային տրամադրությունների իրական պատկերին։

Ծառուկյան դաշինքի դեպքում քննադատության թիրախ դարձած Կարեն Կարապետյանը շատ ավելի ամուր իմունիտետ ունի դիմագրավելու իր դեմ իրականացված արշավին։ Վարչապետն իր սովորական «այո» ու «ոչ» պատասխաններով կարողանում է շատ հեշտ խուսափել տհաճ հարցերից, ինչը չի հաջողվում Սարգսյանին։ Հիմա եթե համեմատեք, թե ովքեր էին Վիգեն Սարգսյանի ընդդիմախոսները և ովքեր՝ վարչապետինը, կարող ենք փաստել, որ վարչապետը, միանշանակ, այստեղ շահած դուրս եկավ թե՛ ընդդիմախոսների ծավալով, թե՛ բովանդակային բանավեճի առկայության առումներով։ Սակայն հաշվի առնելով, որ Վիգեն Սարգսյանին անխնա ճակատամարտ է հայտարարել նաև ԵԼՔ խմբակցությունը, ում ներկայացուցիչները քիչ թիվ չէին կազմում տարկետման իրավունքի դեմ պայքարի մասնակիցների մեջ, ապա պատկերը շատ ավելի ամբողջական է դառնում։ Քննադատել Վիգեն Սարգսյանին նշանակում է քննադատել Սերժ Սարգսյանին, իսկ Կարեն Կարապետյանի դեպքում սլաքներն ավելի շատ ուղղվում են Հայաստանի քաղաքական կյանքի վրա ազդեցություն ունեցող միանգամից մի քանի շերտերի ու առաջին հերթին՝ ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի դեմ, ով այս մրցավազքում հանդիսանում է Կարեն Կարապետյանի հիմնական հենարանը։

ՍԵրժ Սարգսյանը, ով այս պարագայում ստանձնել է յուրատեսակ արբիտրի դեր, չի շտապում առայժմ որևէ քայլ անել։ Իրեն հատուկ զգուշավորությամբ Սարգսյանը շարունակում է հետևել դեպքերի հետագա ընթացքին և 2018-ին ընդառաջ ընտրություն կանի այն թեկնածուի օգտին, ով ավելի շատ կդիմանա։ Պակաս կարևոր չէ, իհարկե, ԵԼՔ-ի հետ կապված իրավիճակը։ Այս դաշինքն, ըստ էության, սեփական օրակարգից ու քաղաքական որոշումներին մասնակից լինելու լծակներից զրկված լինելով, փորձում է ներիշխանական գզվռտոցների արդյունքում մնալ ջրի երեսին։

Վարչապետ-Ելք տանդեմի մասին խոսվում է՝ հղում անելով նրան, որ ԵԼՔ-ը փորձում է վարչապետի ու Սերժ Սարգսյանի միջև տարաձայնությունները կուլիսներից բերել հանրային հարթակ։ Առայժմ այդ փորձերը հաջողությամբ չեն պսակվում, որովհետև հանրային կերպով դժգոհություն արտահայտելու պարագայում Կարեն Կարապետյանը լավ է հասկանում, թե ինչ կարող է պատահել։ Փոխարենը կուլիսներում բանակցելը երկուսին էլ ձեռնտու է, հետևաբար ԵԼՔ-ին մնում է բավարարվել առայժմ միայն մեկ բանով՝ շարունակել ջանք գործադրել վարչապետին Սերժ Սարգսյանի դեմ հանելու փորձերը։ Դե, ինչ մնում է Վիգեն Սարգսյանին, ապա այստեղ պետք է շատ լուրջ հետևություններ արվեն, որովհետև երբ վրիպում է Վիգեն Սարգսյանը, դա նշանակում է, որ վրիպում է նաև Սերժ Սարգսյանը։ Վերջինս ծով համբերություն ունի և անպայմանորեն Վիգեն Սարգսյանին ռեաբիլիտացվելու շանս կտա, մանավանդ որ ազգ-բանակ հայեցակարգի մշակումն ամբողջովին ընկած է եղել պաշտպանության նախարարի վրա, սակայն, ինչպես ասում են, ամեն բան, որ ունի սկզիբ, ունի նաև ավարտ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել