Օրվա միջազգային լրահոսի ամենավերին թոփում Զիմբաբվեում տեղի ունեցող ռազմական հեղափոխության մասին լուրերն են: Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուղաբեն ու նրա ընտանիքը տնային կալանքի տակ են: Երկրի 93-ամյա ղեկավարը պատրաստվում է հրաժարական տալ:

Հայտնի է դարձել, որ Զիմբաբվեի զինվորականները երկրի մայրաքաղաք Հարարայում արգելափակել են կառավարական շենքեր, խորհրդարան և դատարաններ տանող ճանապարհները: Մինչ այդ զինվորականները գրավել են նաև Հեռուստառադիո հեռարձակման շենքը և կալանքի տակ վերցրել Զիմբաբվեի ֆինանսների նախարար Իգնասիուս Չոմբոյին:

«Ֆրանսպրես» գործակալության տվյալներով՝ կրակոցներ են հնչել Մուղաբեի նստավայրի մոտ: Զինվորականներն իրենք հավատացնում են, որ խոսքը բնավ չի վերաբերում պետական հեղաշրջմանը, նախագահին վտանգ չի սպառնում, իսկ իրենց նպատակը «նրան շրջապատող հանցագործներին պատասխանատվության ենթարկելն է»: Զինվորականներն ակտիվացել են այն բանից հետո, երբ «Զիմբաբվեի աֆրիկայն ազգային միություն-Հայրենասիրական ճակատ» կառավարող կուսակցությունը երկրի զինված ուժերի հրամանատար Կոնստանտինո Չիվենգին մեղադրեց դավաճանության եւ խռովության հրահրելու մեջ:

Ռոբերտ Մուղաբեն երկիրը ղեկավարում է արդեն 37 տարի, պաշտոնապես նա Զիմբաբվեն փաստացի ղեկավարում է 1987 թվականի դեկտեմբերի 31-ից: Դեռևս 1980-ին, երբ Ռոդեզիան գտնվում էր բրիտանական գաղութատիրության տակ, անկախացավ և վերանվանվեց Զիմբաբվե:

Մուղաբեի տնտեսական քաղաքականության հիմքում ընկած էր անգլիացի գաղութարարների հետնորդներ հանդիսացող սպիտակ ֆերմերներին երկրից արտաքսելը. նրանց պատկանող հողատարածքները նախագահը հանձնեց աղքատ սևամորթներին:

Նրա կառավարման տարիներին երկիրը հասավ ծայրահեղ աղքատության, երկրի պետական դրամն արժեզրկվեց շուրջ 90 անգամ: Զիմբաբվեյում հիպերինֆլացիան հասավ տարեկան 1000 տոկոսի: Կառավարությունն այս ընթացքում ստիպված էր թողարկել հարյուր տրիլիոնանոց թղթադրամ` զիմբաբվեական դոլար (100 000 000 000 000), որի իրական չափը հավասար էր 1 ԱՄՆ դոլարի: Պետական գանձարանի ընդհանուր պարունակությունն այդ ընթացքում կազմում էր 200 ԱՄՆ դոլար:

Նախագահ Մուղաբեի կինը, ով փոքր է նրանից 40 տարով, համարվում էր նրա իրավահաջորդը. 73 տարեկանում Մուղաբեն ունեցավ երրորդ երեխան:

2000 թվականի սկզբին Մուղաբեն ընտրություններին թույլատրեց մասնակցել իր հիմնական հակառակորդ Մորգան Ցվագիրային և նրա գլխավորած կուսակցությանը: Սակայն նախընտրական շրջանում իրավապաշտպանները մի շարք ահաբեկումների և բռնարարքների փաստեր արձանագերցին, որոնք հակասում էին ժողովրդավարության բոլոր նորմերին:

2013-ին երկրի Սահմանադրությունը փոփոխության ենթարկվեց և նախագահի կառավարումը սահմանափակվեցին երկանգամյա ժամկետով, ամեն անգամ հինգ տարի ժամկետով: Սակայն այս դրույթը չուներ հետադարձ ուժ, և Մուղաբեն իրավունք ստացավ ևս երկու ժամկետ շարունակել իր նախագահությունը: Մուղաբեի խոսքերով` ինքը պատրաստվում էր 2018-ին ևս առաջադրվել ընտրություններին` այդ կերպ տոնելով իր 100-ամյակը:

Հ.գ.1. Ի դեպ` Մուղաբեի 92-ամյակը տոնելու համար ողջ պետության տարածքում դրամահավաք է կազմակերպվել` օրենքով սահմանված կարգով:

Հ.գ.2. 1991թ. մայիսի 22-ին հասկանալով Եթովպիայում ստեղծված կատաստրոֆիկ իրավիճակը, որն արդեն անցել էր վերահսկելիության սահմանը, եթովպիական դիկտատոր «Սև Ստալին» մականվամբ Մենգիստու Հայլե Մարիամը փախչում է Զիմբաբվե. Զիմբաբվեի նախագահ Մուղաբեն Մարիամի ընկերն էր ու գաղափարակիցը, Մենգիստուն ստանում է անձնագիր և հռչակվում Զիմբաբվեի պատվավոր քաղաքացի: Ադիս-Աբեբեյում բռնակալի դատավարութունը ձգվեց ավելի քան 12 տարի: Այդ ողջ ժամանակահատվածում քաղաքական հանցագործը բնակվում էր Զիմբաբվեում (ի դեպ մինչև հիմա Մենգիստու Հայլե Մարիամը բնակվում է այնտեղ), որտեղ նրան քաղաքական ապաստան էին տվել: Զիմբաբվեում նրան համարում են իրենց երկրի հավատարիմ դաշնակիցն ու անկախության նվիրյալ մարտիկ, չնայած ընդդիմադիր ուժերն անընդհատ դեմ են արտահայտվում արյունոտ բռնակալին երկրում պահելու փաստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել