19-րդ դարի վերջում Հենրի Ֆորդը, ով շարքային ինժեներ-մեխանիկ էր Էդիսոնի էլեկտրական ընկերությունում, հովանավորներ էր փնտրում սեփական ընկերությունը հիմնելու համար:

Ինչպես և ամերիկյան շատ այլ բիզնեսմեններ, ապագա գործարարը ևս սկսեց իր բիզնեսը ավտոտնակ-արվեստանոցում: Ազատ ժամանակ նա կարողացավ նախագծել իր առաջին ավտոմեքենան, որն աշխատում էր բենզինով և անվանեց այն  Ford Quadricycle: Որպես անվադողեր օգտագործեց հեծանվի 4 անիվներ: Շարժիչն ուներ 4 ձիաուժ հզորություն և կարողանում էր մեքենային մինչև 32 կմ/ժ արագություն հաղորդել:

Մեքենան առաջին անգամ փորձարկվեց 1896 թ. հունիսի 4-ին, սակայն ամեն ինչ չէր, որ պլանավորածով ընթացավ: Հենրի Ֆորդը չէր հաշվարկել ավտոտնակի դարպասի լայնությունը, և Ford Quadricycle-ն չկարողացավ փողոց դուրս գալ: Ներկաները ստիպված էին վերցնել գործիքներն ու քանդել դարպասի պատի մի մասը:

Որպես վառելիք բենզինն օգտագործող ավտոմեքենաներն այն ժամանակ զանգվածային արտադրության չէին դրված, այդ պատճառով էլ Հենրի Ֆորդը մեծ համարձակություն ցուցաբերեց՝ ավտոմեքենան պատկերացնելով ներքին այրման շարժիչով:

Իր «ստեղծագործության» համար Ֆորդը երեք հովանավոր գտավ բազմաթիվ ներկայացումներից հետո: Հովանավորները Ֆորդին վստահեցին $28 000, որը հատկապես այն ժամանակների համար բավականին մեծ գումար էր:

Արդեն 6 տարի անց Հենրի Ֆորդը հիմնեց իր սեփական ընկերությունը, իսկ 1908 թ. սկսվեց Ford Model T ավտոմեքենայի զանգվածային արտադրությունը, որը մեծ հեղաշրջում կատարեց ավտոմեքենաների աշխարհում, իսկ Հենրիին բերեց հռչակ և հաջողություն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել