Yerkir.am-ը գրում է.

ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանն անդրադարձավ վերջերս մամուլում շրջանառված լուրերին, թե Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում առաջին դասարանի աշակերտի նկատմամբ գրանցվել է ոտնձգության դեպք, մասնավորապես, նախնական լուրերի համաձայն, երեխային կապել էին և կտրել նրա թարթիչները:

Պատգամավորն իր մտահոգությունը հայտնեց այս հարցի վերաբերյալ և կրթության ու գիտության նախարար Լևոն Մկրտչյանին հարցրեց՝ արդյո՞ք կան մեխանիզմներ, որոնցով հնարավոր է պաշտպանել դպրոցի համբավը նախքան համապատասխան մարմինների կողմից նման դեպքերի բացահայտումը: «Չգիտեմ՝ բացահայտումը այժմ որ փուլում է, բայց նախնական փուլում, երբ դեռեւս բացահայտված չէր, մեծ աղմուկ բարձրացավ»,- ասաց պատգամավորը՝ հիշեցնելով, որ խոսքը ներառական դպրոցի մասին է:

ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը հորդորեց նման դեպքերը հրապարակելուց առաջ պատշաճ կերպով ճշտել՝ արդյո՞ք դա համապատախանում է իրականությանը, հատկապես, որ խոսքն առաջին դասարանի երեխայի մասին էր:

«Խնդիրը կարճ ժամանակ հետո պարզվեց: Տնօրենը, մասնավորապես, պարզաբանեց, որ, ըստ էության, այդպիսի խնդիր չկար, մի փոքր այլ հոգեվիճակի երեխա էր, հակասությունը ընտանիքի ներսում էր, հենց մայրն էլ խնդիրը կարգավորեց: Խնդիրն այն է, որ մենք ուշադիր նայում ենք՝ ինչ երեւույթ կա, որ կարելի է հրապարակ հանել առանց ճշտելու: Չպետք է մոռանալ, որ խոսում ենք երեխաների, ընտանիքի, ուսուցչի մասին: Կես ժամվա մեջ պարզվեց, որ դա չի համապատասխանում իրականությանը, բայց արդեն տնօրենը ստիպված սկսել էր արդարանալ, ծնողներն ամեն տեղ պատմում էին, որ չկա այդպիսի բան: Ներառական ասելով՝ չպետք է միայն հասկանալ հաշմանդամություն ունեցող երեխաների ներառման խնդիրը, դա հասարակության տրամաբանությունն է, իսկ մեր հասարակության մոտ դա պակասում է: Դա նախևառաջ հանդուրժողականությունն է, մեկը մյուսի դժվարությամբ մտահոգվելու կարողությունը»,- ասաց նախարարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել