Yerkir.am-ը գրում է.

ԱԺ-ում փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը ներկայացրեց «Ելք» խմբակցության հարցապնդման պատասխանը: Հարցապնդումը վերաբերում էր Երևանի «Զվարթնոց» և Գյումրիի «Շիրակ» օդանավակայանների չվերթերին:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կառավարության համար դա պետք է լինի պետական մակարդակի խնդիր: «ՀՀ-ում պետք է լինեն հայկական ավիաուղիներ: Ես չեմ ասում, որ դա պետք է լինի ազգային փոխադրող` բառի դե յուրե իմաստով, բայց մենք կարծում ենք, որ ավիացիան պետականության ատրիբուտ է, և մենք կարծում ենք, որ այդ ատրիբուտը, համենայն դեպս, չունենք»,- ասաց պատգամավորը:

Նա նշեց, որ, իհարկե, կա «Արմենիա» անունով ավիաընկերություն, բայց, ըստ նրա, դեռևս պարզ չէ` ինչ է լինելու դրա հետ:

«Պարոն Գաբրիելյանն ասում է` այս ուղղությամբ Վրաստանը նույնպես բաց երկնքի քաղաքականություն է վարում, բայց վերցնենք Թբիլիսիի օրինակը` դեպի Մոսկվա թռիչքների կեսն իրականացնում է վրացական ավիաընկերությունը, կեսը` ռուսական ավիաընկերությունը»,- ասաց Փաշինյանը:

Պատգամավորի կարծիքով` ՀՀ կառավարությունն այս ուղղությամբ քայլեր պետք է ձեռնարկի հենց այս օրվանից, որովհետև այդ ավիաչվերթը համարվում է մեր պետական և ազգային սեփականության մի մասը: «Ես չեմ ասում, որ վաղը կառավարությունը պետք է ավիաընկերություն ստեղծի: Կան ուրիշ երկրների ավիաընկերություններ, որոնք զուտ պայմանագրային առումով կարող են Երևանից երրորդ երկրներ չվերթեր իրականացնել»,- ասաց նա:

Փաշինյանի կարծիքով` Հայաստանն այդ շատ շահութաբեր և պոպուլյար ուղղություններով ավիացիայի ոլորտում պետք է որոշակի իրավունք վերապահի հայկական և ոչ հայկական ընկերություններին: «Դրան ասում են` բազկաթոռներ: Այսինքն` որոշակի բազկաթոռների նկատմամբ Հայաստանը պետք է իրավունք վերապահի և այդ իրավունքը վաճառի հայկական և ոչ հայկական ընկերություններին»,- բացատրեց նա:

Պատգամավորը նշեց, որ աշխարհում չկա դեպք, որ մի ուղղությամբ իրականացվի չվերթ և լինի մեկ երկրի կողմից մոնոպոլացված վիճակում: «Այդ որտեղի՞ց է վերցրած, որ մեր ուղևորահոսքի 50 և ավելի տոկոսը դեպի Մոսկվա է, այսինքն` այդ մեկ ուղղությամբ են իրականացվում չվերթերը, ուրեմն բոլոր դրանք պետք է իրականացնեն ռուսական ընկերությունները: Աշխարհում նման բան չկա, ստացվում է, որ դա մի երկրի կողմից մոնոպոլացված վիճակում է»,- ասաց նա, ապա հավելեց. «Փաստն այն է, որ մենք, եթե այսօր այս ճանապարհով գնանք, այս տարի 53 տոկոսն է, մյուս տարի լինելու է 63, հետո` 73, հետո` 103: Սա լավ հեռանկար չէ»,- ասաց Փաշինյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել