Yerkir.am-ը գրում է.

ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում պատասխանեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հնչեցրած քննադատություններին: Փաշինյանը մասնավորապես պաշտպանության նախարարին ասել էր. «Էնքան հաց ու պանիր պիտի ուտեք քաղաքական գործիչ դառնալու համար»:

Զաքարյանը Փաշինյանի այս հայտարարությունը որակեց որպես ցինիզմ: «Դա քննադատություն չէ, դա ցինիզմի դրսևորման հերթական օրինակ է»,- ասաց նա:

Հարցին` Փաշինյանը նաև հայտարարում է, որ բաց է մնում Վիգեն Սարգսյանի ծառայության հետ կապված հարցը, որտե՞ղ է նա ծառայել, Զաքարյանը պատասխանեց, որ լրագրողներն իրավունք ունեն դիմելու և պաշտոնապես ստանալու այդ հարցի պատասխանը:

Դիտարկմանը, թե Փաշինյանն ասում է, որ չկան Վիգեն Սարգսյանի՝ բանակից ազատվելու հիմքերը, նա արձագանքեց. «Իմ ծառայության հիմքերն էլ չկան, որովհետև կարգն այդպես է` հինգ տարի հետո փաստաթղթերն արխիվացվում են ու ոչնչացվում: Ես էլ ծառայել եմ, բայց ոչ մեկդ չեք կարող գնալ, գտնել էն թղթերը, որ ես ծառայել եմ»:

Զաքարյան հավելեց, որ Վիգեն Սարգսյանը ծառայել է պաշտպանության նախարարությունում:

Դիտարկմանը` նախարարն առաջնագծում չի ծառայել, ու վիրավորվելու վտանգ չի եղել, փոխնախարարը պատասխանեց. «Ինչո՞ւ եք անպայման ուզում, որ բոլորը վիրավորվեն, անպայման տուժեն: Հիմա իմ բախտն էլ բերել է, որ չեմ վիրավորվել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել