Վերջին տարիներին Հայաստանում ընդլայնվում է այն մարդկանց շրջանակը, ովքեր գտնում են, որ եթե Ռուսաստանը կորցնի իր դիրքերը մեր երկրում և վերջնականապես դուրս մղվի Հարավային Կովկասից, ապա արցախյան տարածքները հանձնելու ներկայիս պահանջն ինքնըստինքյան մեջտեղից դուրս կգա: Այդ համոզմունքը հիմնավորվում է նրանով, որ Ռուսաստանի տեղն այստեղ անմիջապես կգրավեն Միացյալ Նահանգներն ու նրանց հովանու ներքո Հայաստանը կսկսի իրականացնել Արևմուտքի համար Թուրքիայի ծավալապաշտական նկրտումները զսպողի խիստ պահանջված ու կարևոր դերը: Այսինքն՝ տևական ժամանակ Ռուսաստանի կողմից օգտագործվելուց հետո հիմա էլ պետք է նոր տիրոջ աշխարհաքաղաքական կարիքները հոգանք: Փաստորեն, դրա դիմաց էլ հենց ակնկալվում է, որ տարածքները մեզ կբաշխեն: Ցավոք սրտի, հակամարտության «խաղաղ» կարգավորման գործընթացում հայ բանակցողների որդեգրած մոտեցումների արդյունքում հարցի լուծման մի մեխանիզմ է նախատեսված, որի առանցքն արցախյան տարածքների հանձնումն է կազմում՝ անկախ այն բանից, թե գերտերություններից որ մեկն է գերակա դիրք ունենալու Հարավային Կովկասում: Ընդ որում՝ Ռուսաստանի հեռանալու պարագայում Հայաստանը Թուրքիան զսպողի դերը չի կարողանա ստանձնել, քանի որ ռուսների գնալուց առաջացած ռազմաքաղաքական վակուումը լցնելու առաքելությունը Վաշինգտոնի ու այլոց կողմից հենց Թուրքիային է վերապահված լինելու: Այս տարածաշրջանում ռուսների ո՛չ մնալը և ո՛չ էլ գնալն ապահովելը մեր խնդիրը չէ. դա ուրիշ մակարդակի խաղ է: Այդ խաղում ոտքի տակ չընկնելն ու տարածքային կորուստներ չունենալն է մեր խնդիրը: Իսկ տարածքների հանձնման պահանջն ու սպառնալիքն անհրաժեշտ է կանխել այժմ, քանի դեռ Հարավային Կովկասում առկա փխրուն ռազմաքաղաքական հավասարակշռությունը դեռևս չի խախտվել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել