Հացադուլով մեր երկրում ոչ մեկին չես վախեցնի, քանի որ նախկին բոլոր հացադուլավորներն այդ քայլը օգտագործել են որպես դիետա պահելու հնարավորություն ու քաշի թեթևանալուց հետո, անկախ պահանջած հարցի դրական լուծումից, դադարեցրել են հացադուլը:

Հույս ունեմ, որ մեր ուսանողները շատ լավ հասկանում են կատարած քայլի լրջությունը և հասկանում են նաև, որ դրանով չեն զարմացնում այն մարդկանց, ում պահանջներ են ներկայացնում:

Հացադուլից բացասական պատասխանով դուրս գալու դեպքում նրան երիտասարդ ճակատներին կդաջվի մնացած բոլոր քաղաքական գործիչների պիտակը, որը դրանից հետո ամբողջ կյանքում ու իրենց բոլոր այլ գործողությունների ժամանակ ուրվականի նման հետևելու է:

Հիմա այս քայլից հետո ամեն բան պարզ կլինի, թե ինչով կավարտվի Վիգեն Սարգսյանի և ուսանողների բախումը: Երիտասարդները, համոզված եմ, երկար չեն կարող առանց հացի մնալ, սակայն Սարգսյան Վիգենն էլ այդքան կարճ ժամանակում հացադուլի մասին լսելիս չի փոխի իր նախագիծը:

Ուսանողները նման վճռական քայլի գնալուց հետո չպետք է լսեն տարատեսակ քաղաքական գործիչների, որոնք հորդորում են դադարեցնել հացադուլը: Իհարկե, որոշումն ամենաիդեալականը չէ, սակայն եթե քայլն արված է, այլևս հետ գնալը նշանակում է պարտություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել