«Իգլա» ԶՀՀ ապօրինի շրջանառության գործով դատախազը պահանջել է Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին դատապարտել 7 տարվա ազատազրկման։ Դատավորը դեռ չի հրապարակել վճիռը, սակայն, հաշվի առնելով հայկական արդարադատության գործունեության մեխանիզմները, կարծում ենք՝ Բաբայանին ամեն դեպքում կդատապարտեն, միգուցե ոչ թե յոթ, այլ, ասենք, հինգ տարով, սակայն էականը դա չէ։ Սամվել Բաբայանն իսկապես անհասկանալի պայմաններում հայտնվեց Հայաստանում, Ապրիլյան պատերազմից հետո հանդես եկավ մեկ-երկու աղմկահարույց հարցազրույցով, որից հետո սկսեց անթաքույց աջակցություն ցույց տալ ՕՐՕ դաշինքին, ում հետ և տապալվեց պառլամենտական ընտրություններում։ Բուն ընտրություններին Բաբայանը չմասնակցեց, որովհետև արդեն ձերբակալվել էր «Իգլայի» գործով, որն, ըստ մեղադրական եզրակացության, բերվել էր Վրաստանից Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի դեմ մահափորձ կազմակերպելու համար։ Բաբայանն իրարամերժ կերպար է, նրան այսպիսի վարքագիծ այնպես չէ, որ հատուկ չէ։ Օդիոզ գեներալն ինչքան որ հերոս էր պատերազմի դաշտում, այնքան էլ վտանգավոր ու անկանխատեսելի էր քաղաքական դաշտում՝ երիցս հաստատելով քաղաքական այն աքսիոմը, որ պետք է հեռու պահել զինվորականին քաղաքական պաշտոն զբաղեցնելու ամբիցիաներից։ Թե ինչ կլինի Բաբայանի պարագայում, կարծում ենք՝ դեռ վաղ է ասել։ Սակայն հաշվի առնելով, որ Հայաստանում այսօր հանրային դիմադրողականության, զենքի ուժով հեղափոխության փորձ անողները դատապարտված չեն ամենածանր հոդվածներով, ամենայն հավանականությամբ, Բաբայանի հանդեպ նույնպես չի կիրառվի ամենախիստ պատիժը։ Փոխարենը, սակայն, չի բացառվում, որ որոշ ժամանակահատված բանտում անցկացնելուց հետո Բաբայանն ազատ արձակվի ու հեռանա Հայաստանից, կամ պայմանավորվածություն լինի, որ նա այլևս Հայաստանի ներքին քաղաքական անցուդարձին չխառնվի։ Սա երկու կողմերի համար էլ կարող է ընդունելի որոշում լինել։ Ֆիքսենք, որ այսքանով, թերևս, Սամվել Բաբայանի հատվածական քաղաքական կարիերան կարելի է ավարտված համարել։ Կարելի է ավարտված համարել նաև զինվորական կարիերան, որովհետև Բաբայանը երկարատև բացակայությունից հետո Հայաստան չեկավ կամեցող խորհրդատուի, այլ իր ասածները որպես «վերդիկտ» ներկայացնող, ինչը հենց նոր ռազմական գործողությունների մեջ ներգրավված բանակի հրամանատարության համար չէր կարող լինել ընդունելի, առավել ևս՝ բացթողումներից հետո։ Այնպես որ, ամեն ինչ կարծես թե օրինաչափ է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել