Նոյեմբերի 6-7-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի՝ Իսրայել կատարած պաշտոնական այցը և այնտեղ անցկացրած բավական բարձր մակարդակի հանդիպումները հերթական առիթ դարձան հայրենի լրատվամիջոցների և հասարակության շրջանում Հայաստան-Իսրայել հարաբերությունների զարգացման հեռանկարների վերաբերյալ քննարկումների ակտիվացման հարցում: Առհասարակ, երկու երկրների փոխհարաբերությունների նկատմամբ այս աստիճան հետաքրքրությունը կարելի է պայմանավորել հետևյալ հիմնական հանգամանքներով՝ երկու ժողովուրդների պատմական ճակատագրի որոշակի նմանությունը, Իսրայել պետության ընթացքը՝ իբրև Հայաստանի համար տարբեր ուղղություններում ընդօրինակման գործոն, Իսրայել-Ադրբեջան լայն համագործակցությունը, հատկապես դրա՝ ռազմական բաղադրիչի իրողությունը:
Վերոնշյալի համատեքստում Հայաստան-Իսրայել հարաբերությունների ընթացքը երկու երկրների պարագայում էլ հնարավոր է հետևյալ երկու տրամաբանական հարթություններում՝
1. Բացառապես երկկողմ հարաբերությունների օրակարգի մշակում և իրացում՝ որպես առաջնանպատակ հռչակելով երկկողմ համագործակցության զարգացումը բազմաթիվ ոլորտներում:
2. Երկկողմ հարաբերությունների հիմնականում իմիտացիոն ձևաչափը՝ որպես առավելապես քարոզչական և հոգեբանական ազդեցության լծակ երրորդ կողմի դեմ հակամարտության շրջանակում՝ Հայաստանի դեպքում Ադրբեջանի, Իսրայելի դեպքում՝ Իրանի դեմ:

Իմ խորին համոզմամբ՝ առավել նպատակահարմար և խոստումնալից է երկկողմանի համագործակցության առաջին ձևաչափը՝ հարաբերությունների զարգացումը՝ բացառապես երկկողմ փոխադարձ քաղաքական, տնտեսական, դիվանագիտական, մշակութային և այլ շահերի հիման վրա, մանավանդ երբ դրա համար առկա է բավական մեծ և երկկողղմանիորեն գրեթե չիրացված ներուժ: Ինչ խոսք, վերոնշյալի արդյունքում, կամա, թե ակամա, անուղղակի ընթացք կլինի նաև երկրորդ հարթության շրջանակներում. այս պարագայում երրորդ կողմի հետ հարաբերությունների վրա հնարավոր բացասական ազդեցությունը մեղմելու հարցը և՛ Երևանի, և՛ Թել Ավիվի կողմից դիվանագիտական ճկունություն դրսևորելու հարթության հարց է:

Հ.Գ. 1 Առհասարակ, տարբեր երկրների միջև երկկողմանի ցանկացած ձևաչափի հարաբերությունների զարգացման համար անչափ կարևոր է ժողովուրդների կողմից փոխադարձ դրական վերաբերմունքը, ինչն, անշուշտ, առկա է հայ և հրեա ժողովուրդների փոխադարձ ընկալումներում՝ հատկապես մի կողմից աշխարհում բավական մեծ մասշտաբով կրկին գլուխ բարձրացրած հակասեմականության տարաբնույթ դրսևորումների պարագայում, մյուս կողմից՝ հատկապես իսրայելական հասարակական ընկալումներում հայ ժողովրդի պատմական անցյալի, նաև դրա ողբերգական էջերի՝ մեծամասամբ, ըստ էության, գնահատման իրողությունների պարագայում:

Հ.Գ. 2 Երկկողմանի հարաբերությունների զարգացման ձևաչափում օրակարգի առաջնային կետերից պետք է դուրս մղել այնպիսի խնդիրների արծարծումը, որոնք կարող են բնական խոչընդոտներ առաջացնել համագործակցության խորացման հետագա ընթացքի համար. որպես օրինակ՝ Իսրայել պետության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման հարցը, Իսրայել-Ադրբեջան և Հայաստան-Իրան հարաբերությունների վրա ազդելու փորձերի շահարկումը և այլն:

Հ.Գ. 3 Ի տարբերություն Հայաստանի՝ Իսրայելում առավել սեղմ լուսաբանվեց և մեկնաբանվեց ՀՀ ԱԳ նախարարի այցը. պաշտոնական տեղեկատվության հիմնական աղբյուրներն էին ԱԳ նախարարության կայքը և ԱԳ նախարարի պաշտոնակատար, վարչապետ Բ. Նեթանյահուի՝ սոցիալական ցանցերի էջերը: Նշվածի պատճառն այն է, որ իսրայելական մեդիան հնարավորինս բոյկոտում է վարչապետի պաշտոնական գործունեությունը՝ ուշադրության կենտրոնում պահելով առավելապես վարչապետի և նրա ընտանիքի անդամների հետ կապված խնդիրների, քրեական գործերի լուսաբանման ուղղությունները և այլն: Բացի այդ՝ իսրայելական մեդիայի գործունեության ամենաառաջնային ուղղությունն Իսրայել պետության հետ կապված անվտանգային խնդիրներն ու դրանց վրա ազդելու հնարավորություններն են, որով էլ պայմանավորված էր երկու երկրների արտգործնախարարների հանդիպման ընթացքում քննարկված տարաբնույթ հարցերից հատկապես Իսրայել պետության անվտանգության կարևորագույն սպառնալիք հռչակված Իրանի տարածաշրջանային քաղաքականության թեմայի շեշտադրումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել