Երգչուհի Աննա Խաչատրյանը ոճային կտրուկ փոփոխություն է կատարել՝ երկար վարսերը փոխարինելով կարճ սանրվածքով: Արթուր Գրիգորյանի «Երգեր» ժողովածուի շնորհանդեսին երգչուհին ներկայացել էր նոր կերպարով, և դա չվրիպեց ներկաների աչքից: Միջոցառման ժամանակ շատերը մոտենում էին նրան ու ասում, թե որքան գեղեցիկ է ստացվել նոր սանրվածքը: BlogNews.am-ն էլ որոշեց հետաքրքրվել, թե ինչով է պայմանավորված այս փոփոխությունը, մանավանդ որ երկար տարիներ Աննան ներկայանում էր իր երկար վարսերով և նույնիսկ քննադատությունների արժանանում՝ փոփոխությունների չդիմելու համար:

Երգչուհին ասաց, որ ոչ մի հանգամանքով էլ պայմանավորված չէ նոր ոճային փոփոխությունը, պարզապես պահը հասունացել էր, և որոշել է կտրել մազերը. «Գիտեք, այն բոլոր մարդիկ, ովքեր այդպես պայքարում էին իմ երկար մազերի դեմ, նույնիսկ չեն էլ նկատում նոր սանրվածքս»,- ընդգծեց Աննան:

Ասում են՝ եթե կինը կտրուկ փոփոխություն է կատարում իր ոճում, ապա փոփոխություններ են սպասվում նաև նրա անձնական կյանքում: Աննային հարցրինք՝ արդյո՞ք դա իրեն վերաբերում է, սակայն պարզվեց՝ երգչուհու անձնական կյանքում ոչ մի փոփոխություն դեռևս չի սպասվում. «Եթե փոփոխություն լինի, բնականաբար, դա կլինի սպասված, համենայն դեպս, ինձ համար»,- նկատեց նա:

Վերջերս երգչուհին ներկայացրեց իր նոր տեսահոլովակը՝ «Հարսանեկան վալս» երգի հիման վրա: Աննան ասում է՝ երաժշտության ասպարեզում նոր ծրագրեր, նախագծեր առայժմ չունի, դեռ վայելում է կատարած աշխատանքի արդյունքները: Փոխարենը սպասում է ռեժիսորների նոր առաջարկներին՝ ֆիլմերում և սերիալներում նկարահանվելու: Ասում է՝ դերասանական փորձառությունն իրեն դուր է եկել և պատրաստ է կրկին նկարահանվել:

Հիշեցնենք, որ վերջերս Աննա Խաչատրյանը մասնակցել էր «Վենդետտա» քրեական դրամայի նկարահանումներին: Երգչուհու կարծիքով՝ թե՛ ֆիլմը և թե՛ իր կերպարը բավական հետաքրքիր էին ստացվել: Դրա մասին են խոսում նաև այն արձագանքները, որ լսել է իր մասնակցության վերաբերյալ. «Անկեղծ ասած՝ երբ առաջին անգամ ինձ տեսա էկրանին դերասանուհու դերում, բնականաբար, փոքր-ինչ անսովոր էր, և բնական է, որ ինքս ինձ քննադատորեն էի վերաբերվում: Բայց կարծում եմ՝ ժամանակի ընթացքում հունի մեջ ընկա, շատ բաներ սովորեցի իմ ընկերներից: Բախտս բերել էր, որ բոլորը պրոֆեսիոնալ դերասաններ էին, և ես սովորելու շատ բան ունեի այդ ասպարեզում: Կարծում եմ՝ դեռ հնարավորություն կունենամ ավելին սովորելու»,- հավելեց Աննան:

Նյութը՝ Աստղիկ Իսկանդարյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել