«Հայաստանում բոլոր ապրանքատեսակների գները այս հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ բարձրացել են: Ասել է, թե գնաճային ճնշումը չի նահանջում: Բայց կայուն գնաճի ֆոնին չի բարձրանում մարդկանց ո՛չ աշխատավարձը և ո՛չ էլ կենսաթոշակը: Այս տարվա հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, մեր հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 1.3 տոկոս գնաճ: Այն հիմնականում պայմանավորվել է մսի, ձկան և ծովամթերքի, կաթնամթերքի, պանրի և ձվի, յուղերի և ճարպերի, բանջարեղենի 1.3-11.8 տոկոս գնաճով:

Օրինակ՝ բանջարեղենի շուկայում այս տարվա հոկտեմբերին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արձանագրվել է 13.6 տոկոս, իսկ այս սեպտեմբերի համեմատ` 11.8 տոկոս գնաճ: Նշենք, որ յուղերի և ճարպերի շուկայում այս հոկտեմբերին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արձանագրվել է 13.1 տոկոս, իսկ այս սեպտեմբերի համեմատ` 5.6 տոկոս գնաճ: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից տեղեկացավ, որ այս հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, միայն բանջարեղենի և առաջին անհրաժեշտության սննդատեսակ համարվող կարագի ընդհանուր գնաճը կազմել է 11.8 տոկոս:

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ նաև, որ այն հիմնականում պայմանավորվել է կարագի 12.3 տոկոս գնաճով: Ի դեպ, այս տարվա հոկտեմբերին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, միայն կարագի շուկայում արձանագրվել է 38.9 տոկոս գնաճ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ «Նոր զելանդական» տեսակի կարագի գինն աճել է 51.8 տոկոսով: Եթե անցած տարվա հոկտեմբերին նշված տեսակի կարագի մեկ կիլոգրամը վաճառվել է 2800 դրամով, ապա այս տարվա հոկտեմբերին` 4255 դրամով: «Անքոր» տեսակի կարագի գինը բարձրացել է 43 տոկոսով. այսինքն՝ եթե անցած տարվա հոկտեմբերին «Անքոր»-ի գինը կազմել է 2996 դրամ, ապա այս տարվա նույն ժամանակահատվում այն ունեցել է 4290 արժեքը:

Նշենք, որ թանկացել է նաև «Վալիո» տեսակի կարագը, որի գինը բարձրացել է 27.4 տոկոսով: Այս տեսակի կարագի գինը անցած տարվա հոկտեմբերին կազմել է 4006 դրամ, իսկ 2017 թվականի նույն ժամանակահատվածում` 5103 դրամ: Բացի կարագի շուկայից՝ թանկացել են նաև կաթնամթերքը, պանիրը և ձուն, որոնց գները այս տարվա հոկտեմբերին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, բարձրացել է 1.6 տոկոսով, իսկ այս սեպտեմբերի համեմատ` 2.5 տոկոսով: Ի դեպ, ձուն ևս թանկացել է` 3.3 տոկոսով»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել