Դերասան Միքայել Արամյանը ծնվել է Երևանում, սակայն մեծ եղբոր՝ Լևոնի հետ մեծացել է Մոսկվայում: Երիտասարդ տարիքից արդեն կողմնորոշվել էր մասնագիտության հարցում. ուզում էր դերասան դառնալ: Դերասանական առաջին քայլերն արել է տասներկու տարեկանում, «Шпионские игры» նախածում: Նրա մասնակցությամբ «Лестница в небеса» հեռուստասերիալը գրավեց ոչ միայն ռուս, այլև հայ հանդիսատեսին, իսկ վերջերս երգչուհի Աննա Սեդոկովայի «Не твоя вина» տեսահոլովակում նկարահանվելուց հետո վերջինիս հետ սիրավեպ վերագրեցին: BlogNews.am-ը զրուցել է դերասանի հետ և տվել մի քանի հարց: Չնայած մեծացել է Մոսկվայում, Երևանի հետ կապը մինչև օրս էլ կա: Ասում է՝ հայրն այստեղ է ապրում և տարին երկու-երեք անգամ գալիս է Հայաստան:

«Այս անգամվա այցս կապված էր Red Carpet ամսագրի շնորհանդեսի հետ, քանի որ, ինչպես տեսաք, շապիկին ես էի: Փորձում եմ հաճախ գալ Երևան, երկու-երեք անգամվա այցս, կարծես, բավարար չէ, բայց զբաղվածության պատճառով ավելի հաճախ չի ստացվում գալ: Երևանում սիրում եմ Կասկադը. այդ տեղի հետ կապված հետաքրքիր հիշողություններ ունեմ, բայց դրանց մասին չեմ ցանկանա խոսել»,- նշում է դերասանը։

Միքայելը վերջերս Միլանում նկարահանվել է ռուս երգիչ Դմիտրի Մալիկովի տեսահոլովակում, որն, իհարկե, այնքան սկանդալային չէր, որքան Աննա Սեդոկովայի «Не твоя вина» տեսահոլովակը. «Ես սկանդալային չեմ համարում տեսահոլովակը, պարզապես մարդիկ սիրում են սիրավեպեր վերագրել դերասաններին: Իհարկե, մեր սիրավեպի մասին խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը: Աննան շատ աշխատասեր և տաղանդավոր երգչուհի է, բայց մեր հարաբերությունները միայն ընկերական են»,- պարզաբանում է Միքայելը՝ նշելով, որ Սարիկ Անդրեասյանի «Любовь в городе ангелов» ֆիլմից հետո էլ նրան սիրավեպ վերագրել են խաղընկերուհու՝ Նատալյա Ռուդովայի հետ:

Մեծ էկրաններ բարձրացած «Любовь в городе ангелов» ֆիլմը նկարահանումներից Միքայելը մեծ հաճույք է ստացել. ասում է` ամենահիշարժան պահերն են․ «Խաղընկերուհուս՝ Նատալյա Ռուդովայի հետ ինձ կրկին սիրավեպ վերագրեցին, անգամ ասում էին՝ ինչ վատ ընկերուհիներ են Սեդոկովան և Ռուդովան, միմյանցից սիրելի են փախցնում: Մենք պարզապես լավ կոլեգաներ ենք»:

Միքայելից հետաքրքրեցինք՝ որքանով է ծանոթ հայ դերասան-դերասանուհիներին և արդյոք կհամաձայնվի նկարահանվել հայկական սերիալներում. «Հայ դերասաններից ճանաչում եմ Սոս Ջանիբեկյանին, Հովհաննես Ազոյանին և Արսեն Գրիգորյանին, նրանց հետ նաև ընկերություն եմ անում: Իսկ հայկական սերիալում նկարահանվելու համար նախ պետք է լավ առաջարկ լինի, որը պետք է, իհարկե, որակով լինի, իսկ Հայաստանում շատ տաղանդավոր մասնագետներ կան»,- եզրափակեց դերասանը։

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել