«Վանաձորի ավագանու նիստերի սահմանադրա­կանության վերաբերյալ Սահմանադրական դատարանի որո­շումն ինչ-որ առումով նման էր սառը ցնցուղի: Ինչ-ինչ, բայց նման որոշում ՍԴ նախագահից ՀՀ քաղաքացիների մեծ մասը չէր սպասում: Ըստ որում՝ ՍԴ վճիռներին քիչ թե շատ ծանոթ մարդկանցից մեկը զարմանքով նշեց, որ սա այն դեպքերից է, երբ ՍԴ որո­շումը շատ հստակ էր ու քողարկված չէր միայն Սահմանադրական դատա­րանի անդամների ու «նեղ մասնագետների» մի փոքր խմբին հասանելի եզրույթների, մեկնաբանությունների տակ, որոնք կարդալիս հասարակ մահկանացուն ոչինչ չի հասկանում ու միայն, ինչպես հայտնի հրեական անեկդոտում, մտածում է՝ «որտեղ են ուզում քցած լինել»:
 
Եվ այսպես. ՍԴ-ն որոշեց, առա­ջին, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ մասը ճանաչել ՀՀ սահմանա­դրության 1-ին, 6-րդ, 9-րդ, 179-րդ հոդվածների պահանջներին հակա­սող: Որոշման 4-րդ կետով, հաշվի առնելով ՍԴ որոշման մեջ արտա­հայտված իրավական դիրքորոշում­ների և վեճերի առարկա օրենքի դրույթներին դրանց համապատաս­խանեցման անհրաժեշտությունը, սույն որոշման եզրափակիչ մասի 1-ին կետով ՀՀ սահմանադրությանը հակասող ճանաչված իրավադրույթի համակարգային առումով փոխկապակցվածությունը «Տեղական ինք­նակառավարման մասին» ՀՀ օրենքի 5-րդ գլխի իրավակարգավորումների հետ, ինչպես նաև նկատի ունենա­լով օրենքի պահանջը՝ իրավական անվտանգությունը չխախտելու վե­րաբերյալ, ՀՀ սահմանադրության 102-րդ հոդվածի 3-րդ մասի և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածը, սույն որոշման՝ ՀՀ սահմանադրու­թյանը հակասող ճանաչված իրավա- դրույթների ուժը կորցնելու վերջնա­ժամկետ սահմանվեց 2018 թվականի մարտի 31-ը, իսկ Ազգային ժողովին թողնվեց հնարավորություն՝ «Տեղա­կան ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումները համապատասխանեցնել ՍԴ նոյեմբե­րի 10-ի որոշման պահանջներին:
 
5-րդ կետով՝ Վանաձորի համայնքի ավագանու 2017 թ. մարտի 31-ի մի շարք որոշումներ կորցնում են իրենց իրավաբանական ուժը նախատեսված վերջնաժամկետի պահից:
 
ՀԳ. Ակնհայտ է, որ ՀՀԿ քաղաքական կոնյունկտուրայի լավա­գույն ավանդույթներին բաջածանոթ Մամիկոն Ասլանյանը ևս հաս­կանում է, որ Հայաստանի նման երկրի Սահմանադրական դատա­րանը պատահաբար նման որո­շումներ չի կայացնում: Հասկանում է նաև այն, որ սրանով իշխանու­թյունը մի քանի խնդիր է լուծում՝ մի կողմից կտրում է Վանաձորի ճգնաժամի հետևանքով առաջա­ցած գորդյան հանգույցը (բաջատեղյակները գիտեն, թե այս հարցը ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից որքան արյուն է տարել, բայցև չի լուծվել՝ չնայած ամենաբարձր օղակներում տրված խոստումներին, որ խնդիրը կկարգավորվի): Մյուս կողմից՝ ՍԴ հեռացող նախագահին (որի 70-ամյակը 2018 թ. մարտին լրանում է) հնարավորություն է տալիս ՍԴ- ում պաշտոնավարման 25 տարին ամփոփել գեղեցիկ հեռացումով»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել