Ընդունված է համարել, որ Հայաստանն ընդօրինակում է զարգացած պետությունների փորձը։ Դա ինչ-որ տեղ սովորական է, մյուս կողմից՝ վկայում է հայկական ստեղծագործ մտքի հսկայական դեֆիցիտի մասին։ Սակայն դա խոսակցության առանձին թեմա է, իսկ այժմ...

Ինչպես ասում են, մեկ-մեկ պատին կախված հրացանն է կրակում։ Ռուսաստանում սպասվում են նախագահական ընտրություններ։ Դրանք կայանալու են մարտ ամսին ու ընտրություններից գրեթե չորս ամիս առաջ դեռևս հայտնի չէ՝ արդյոք Ռուսաստանի գործող նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցելու է ընտրություններին, թե ոչ։ Ինքը՝ Պուտինը, առայժմ զերծ է մնում այդ հարցին պատասխանելուց։ Փոխարենը հայտնի է արդեն, որ այս ընտրություններն իրենց ձևով ու բովանդակությամբ նման չեն լինելու նախորդ ընտրություններին։ Նախկինում Ռուսաստանում կային թեկնածուներ, որոնք հերթապահ կերպով մասնակցում էին ընտրություններին՝ Գենադի Զյուգանով, Սերգեյ Միրոնով, Վլադիմիր Ժիրինովսկի։ Ընտրություններն անցնում էին գրեթե նույն սցենարով՝ տոկոսային չնչին հարաբերությամբ, ու ոչ մի էական տարբերություն չէր լինում թեկնածուների հավաքած ձայների միջև։ Փոխարենը այս ընտրություններում մասնակցության հայտ արդեն ներկայացրել են սկանդալային հաղորդավարուհի Քսենյա Սոբչակը, պոռնոդերասանուհի Ելենա Բերկովան, կանանց իրավունքների պաշտպան Եկատերինա Գորդոնը և այլք։ Այսպիսի ապաքաղաքական կամպանիա վաղուց չէր հավաքվել ընտրությունների շեմին, ու շատ հնարավոր է, որ Պուտինը պայքարի հենց նման թեկնածուների դեմ։
Իսկ ինչո՞վ է նման Հայաստանին։ Նրանով, որ փորձ է արվում ամեն կերպ ընտրությունների հանդեպ հետաքրքրությունը նվազեցնել, հասցնել մինիմումի հասարակական ակնկալիքները, այդ դեպքում իշխող ուժի համար ավելի հեշտ է դառնում հաղթանակ տանելը, որովհետև մարդիկ, վերջին պահին գնալով ընտրատեղամաս, իրենց հարց են տալիս՝ իսկ ում, եթե ոչ Պուտինին. բա հո պոռնոաստղին քաղաքական իշխանություն չենք տալու։ Անլրջացումն իր հետ բերում է որոշակի հեշտություն, սակայն, միևնույն ժամանակ, ինչպես Հայաստանի դեպքում, այն բթացնում է հանրային տրամադրությունները։ Դա լրիվ բավարար է ընտրություններում հաղթելու ու եղած դժգոհությունները զսպելու հարցում։ Այնպես չէ, որ լուրջ ընտրությունների դեպքում Պուտինը չէր հաղթելու, սակայն, օրինակ, հիմնական ընդդիմախոս Ալեքսեյ Նավալնու գրանցման պարագայում նա ունենալու էր հստակ ընդդիմախոսների հսկայական բանակ, որոնց բողոքը նաև քաղաքականապես ձևակերպող էր լինելու։ Այս պարագայում դա բացառվում է, ու հենց սա է այսպիսի խայտաբղետ թեկնածուների առկայության բացատրությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել