168.am-ը գրում է.

Կառավարության հեղինակած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է էապես սահմանափակել ուսումնառության նպատակով տարկետման իրավունքը, մեծ դժգոհություն է առաջացրել ուսանողների մոտ: Արդեն երկրորդ օրն անընդմեջ «Հանուն գիտության» նախաձեռնության անդամների նախաձեռնությամբ ԵՊՀ-ում շարունակվում է դասադուլների շարքը:

Ի՞նչ ազդեցություն կարող է թողնել այսօրինակ օրենքի ընդունումը կրթության և գիտության ոլորտի զարգացման վրա. 168.am-ի հետ զրույցում մեկնաբանում է դերասան Սերգեյ Դանիելյանը.

«Արտագաղթն օրեցօր ուժգնանում է այնքան, որ արդեն ծառայող չկա, և ահա, որոշել են նոր օրենք ընդունեն՝ բոլոր ուսանողներին տանեն ծառայության: Հետո կորոշեն, որ կանայք պետք է գնան բանակ, որովհետև ուսանող էլ չի մնա, հետո՝ հաշմանդամները, հետո՝ հղի կանայք, հետո էլ՝ չգիտեմ՝ ի՞նչ են անելու, բայց սա, իհարկե, հարցի լուծում չէ, այլ փրփուրներից կախվել է, իհարկե: Արմատական լուծումներ են պետք, առաջին հերթին՝ արտագաղթի կասեցումը, որ բանակ գնացող լինի, թե չէ այս ամենը հարց չի լուծելու: Սա մոտավորապես նույնն էր, որ նստեցինք-մտածեցինք՝ էլ ի՞նչ անենք, որ բանակի հաշվին մի քիչ էլ փող ավելանա՝ եկեք 1000-ական դրամ հավաքենք: Ասենք, թե՝ մի 2000 ուսանողի էլ զոռով տարաք բանակ, իրենք էլ կվերադառնան բանակից ու կարտագաղթեն, հետո՞: Իշխանությունը չի մտածում, թե ինչպե՞ս կասեցնի արտագաղթը, այլ՝ թե է՞լ ինչ կարող է քերել այս ժողովրդից, է՞լ ինչ անի, որ բյուջե լցնի, զոռով՝ համալսարաններից հավաքի՝ բանակ ուղարկի, սա է իրականությունը: Տկարամիտ լուծումներ են, ի՞նչ ասեմ»:

Եվ, այնուամենայնիվ, եթե նախագիծը հավանության արժանանա և օրենքի ուժ ստանա, ըստ Սերգեյ Դանիելյանի՝ հայտնի չէ, թե այն ի՞նչ ազդեցություն կունենա կրթության որակի վրա՝ կլինի, կիմանանք, ինչպես դա ազդեց, կամ ազդե՞ց, թե՞ չէ.

«Արդեն պարզ է, որ մինչև այսօր վերևներում ինչ ուզեցել են, ընդունել են և այս օրենքն էլ կընդունեն: Ի վերջո, Ազգային ժողովի մեծամասնությունը հենց դրա համար է հավաքվել: Իշխանությունն ինչ ուզում՝ անում է, իսկ այդպիսի լուծում տալու դեպքում սա շատ վատ հետևանքներ է ունենալու՝ պարզ է, որ մարդիկ ընդվզելու են, արտագաղթն ավելի կուժգնանա: Այս օրենքի ընդունումը ոչ մի լավ բանի չի հանգեցնելու: Եթե այսօր այստեղ գոնե մի քանի ուսանող են մնացել, որոնց զոռով կարող են տանել ծառայելու, բառացիորեն վաղը դա էլ չեն ունենալու»:

Հիշեցնենք, որ դասադուլի մասնակիցները երեկ նամակներ են ուղարկել Պաշտպանության և ԿԳ նախարարություններին։ Ինչպես և ակնկալվում էր՝ ԵՊՀ ղեկավարությունը փորձում է ամեն գնով խոչընդոտներ ստեղծել դասադուլի մասնակիցների համար՝ փակելով բուհի դռները, այսպիսով զրկելով ուսանողներին կառույցից դուրս գալու հնարավորությունից, իսկ բացականերն արդեն գրավոր նկատողություն են ստացել: Այնուամենայնիվ, այս կերպ պայքարի դուրս եկած ուսանողները պնդում են՝ իշխանություններին չի հաջողվելու նման քայլերով իրենց ետ պահել պայքարից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել