Տարկետման սահմանափակման դեմ բողոքներն ու ընդվզումը՝ բացի ամեն ինչից, արդարության-անարդարության հարթության վրա դրսևորվող երևույթ են: Սա խորքային պատճառն է, որը գուցե անմիջականորեն չի երևում, բայց այն որոշիչ դեր ունի, որն ընկած է հանրային ռեակցիաների հիմքում:

Ցանկացած իշխանության որոշում պետք է ունենա համապատասխան բազա, որպեսզի ձևավորվի առավելագույն հանրային ընկալում, հետևաբար` աջակցություն: Եթե տարիներ շարունակ հարուստների ու պաշտոնյաների հովանավորյալներն օգտվել են տարկետումից, վատ կառավարման պատճառով շատերն արտագաղթել են, ապա հանրային ընկալումներում դա առաջացրել է անարդարության զգացում, ըստ այդմ էլ` նմանատիպ որոշումները, եթե, ենթադրենք, գաղափարապես լավն էլ են, օբյեկտիվորեն հակառակ ռեակցիա են առաջացնում: Մարդիկ մտածում են` ինչու պետք է իրենք «վճարեն» իշխանության սխալների համար, առավել ևս, որ գրեթե միշտ անտեսված են եղել նրա կողմից: Երկար ժամանակ իշխանությունը մտածել է ինքնապահպանման մասին, ժողովրդի բարեկեցությունը չի եղել առաջնային: Հիմա, երբ անհրաժեշտ է վերջինի աջակցությունը, բնական է, որ այն չի լինելու: Ստացվում է` «մենք սխալվել ենք, դե, ոչինչ, դուք ձեր մասնակցությամբ, աջակցություններով այդ սխալի հետևանքները կրեք ու վերացրեք»: Այդպես ուղղակի չի լինում:

Պետությունը հասարակության քաղաքական համակարգի կենտրոնական ինստիտուտն է: Այդ համակարգն աշխատում է իր հստակ կանոններով, ունի գործառույթներ` «մուտքի ու ելքի», որոնք միմյանց հետ կապված են հետադարձ կապով: Երբ քաղաքական համակարգի ելքի գործառույթը նորմալ չի աշխատում, այսինքն` պետությունը հանրության շահերից բխող որոշումներ ու գործողություններ չի իրականացնում, ապա խախտվում է մուտքի գործառույթը, այսինքն` չի լինում հանրային աջակցություն. սա ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԿԱՆՈՆ է: Ավելին` այս իրավիճակում աջակցությունների փոխարեն համակարգը գրեթե միշտ ստանալու է մուտքի գործառույթի այլ ձևեր, օրինակ` հանրային շահերի ագրեգացիա և դրանց ուժգին արտահայտում, որը պետության համար միշտ էլ անցանկալի է:

Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ ինստիտուտները չեն գործում վակուումի մեջ, դրանք համակարգի փոքր բաղադրիչեր են: Երբ համակարգում առկա են կոռուպցիայի, մոնոպոլիայի և քրեա-օլիգարխիկ ենթահամակարգեր, ինստիտուտները, որոնք գործելու են այդ միջավայրում, չեն կարող արդյունավետ լինել: Դրանք ժամանակի ընթացքում կլանվում են այդ ենթահամակարգերի կողմից, նույնիսկ բացասական ներազդեցություն են ունենում, օրինակ` նպաստում են այդ ենթահամակարգերի տրանսֆորմացմանն ու զարգացմանը: Օրինակները հեռու տեղեր պետք չի փնտրել. Հայաստանում որքան ասես, կան: Մարդիկ, որ մշտապես ականատես են եղել նման սցենարների, առնվազն ենթագիտակցորեն սա հասկանում են և մտավախություն ունեն, որ այդ ինստիտուտները չեն լինելու «հանրային-կողմնորոշված», որովհետև կոռուպցիայի ենթահամակարգը շեղելու է դրանց կողմնորոշումը` հանրօգուտից դեպի իրեն:

Ուրեմն՝ պետք է այդ ենթահամակարգերը քանդել, որպեսզի հանրային աջակցություն լինի, իսկ ինստիտուտներն էլ էֆեկտիվ աշխատեն, այլապես միշտ կհիշենք հայտնի խոսքը. «Ուզում էինք՝ լավ լինի, բայց ստացվեց, ինչպես միշտ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել