Հինգ տարվա մոդելային փորձ և տասնհինգ տարվա գործունեություն երգարվեստում. սա Մարինա Մարգարյանի անցած ճանապարհն է, ով հիմա իր ուժերն է փորձում «Հայաստանի ձայնի» 4-րդ եթերաշրջանում: Մարինան երգարվեստում առաջին քայլերն արել է Նադեժդա Սարգսյանի «Դո ռե մի» ստուդիայից, իսկ BlogNews.am-ի հետ զրույցում պատմել է նախագծում մասնակցության, իր շանսերի և մոդելային կարիերայի մասին: 

«Նախագծին անսպասելի եմ որոշել մասնակցել, ընկերներս էլ են խրախուսել և քաջալերել, որպեսզի մասնակցեմ: Ի դեպ՝ հայտն իմ փոխարեն ընկերուհիս է լրացրել և ուղարկել: Ես «Կույր լսումների» ժամանակ բեմ եմ բարձրացել առանց ակնկալիքի, պարզապես ուզում էի վայելել այդ պահը և փորձել ամեն ինչ անել հիշվող, գեղեցիկ ներկայանալու համար, իսկ թե մնացածն ինչպես կլիներ, չէի մտածում»,- անկեղծանում է Մարինան։

«Կույր լսումների» ժամանակ Մարինան կատարեց Wrecking Ball երգը․ արդյունքում պտտվեցին Արամեն և Նունե Եսայանը. «Կույր լսումների ժամանակ Արամեին ընտրեցի, բայց արդեն «Մենամարտ» փուլի ժամանակ, նոր կանոնների համաձայն, ժյուրին կարող էր փախցնել մասնակիցներից մեկին, և ինձ ընտրեց Նունեն: Ինչպես «Կույր լսումների» ժամանակ էին նշել, կգնամ այն մարզչի մոտ, ով առաջինը կպտտվի, և այդպես էլ արեցի: Չեմ փոշմանել, որ Արամեի մոտ էի։ Նախ՝ առաջին հերթին շատ լավ անձնավորություն է, ջերմ և իր խմբում եղած բոլոր անդամներին փորձում է ամեն կերպ աջակցել: Երգեցողության, ճիշտ երգի ընտրության հետ կապված՝ նա ճիշտ և շատ լավ խորհուրդներ է տվել ինձ»:   

Մարինայից հետաքրքրվեցինք նաև, թե ում է իրեն մրցակից համարում. «Բոլոր մասնակիցներն էլ ներկայանում էին շատ յուրովի, ամեն մեկի մեջ կա մի բան, որ կարող է նրանց առաջ մղել, և մնացած փուլերն էլ կախված են ժյուրիի ընտրությունից: Դժվարանում եմ ասել՝ մինչև վերջ կհասնեմ, թե ոչ, բայց այս ընթացքում այնքան կարևոր մարդկանց հետ եմ ծանոթացել, դա ինձ համար շատ կարևոր ձեռքբերում էր»:

Մոդելային կարիերայում փորձառություն ունեցող Մարինան վերջերս մասնակցել է նաև «Միսս Արմենիա» մրցույթին, երկու մասնագիտություններն էլ այսքան ժամանակ համատեղել է. ««Միսս Արմենիայի» և «Հայաստանի ձայնի» «Կույր լսումներ»-ը համընկել էին, և ես մի կերպ էի հասցնում: Բուռն օրեր եմ ունեցել: Ես վստահ եմ, որ կկարողանամ համատեղել երգն ու մոդելինգը, ամբողջ աշխարհում նման պրակտիկա կա, երբ երգչուհին նաև մոդել է»։

Մոդելային ասպարեզում առաջարկների հարցում բավականին պահանջկոտ է. «Երբ առաջին քայլերս էի անում, իհարկե, այդպես չէր, իսկ հիմա ամեն ինչ փոխվել է: Կարող եմ ասել, որ ինձ բարձր վարձատրվող մոդել եմ համարում»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել