Տևական ժամանակահատված Հայաստանում հրապարակային միջոցառում չէր եղել քաղաքական-քաղաքացիական դաշտում։ Ուսանողների բողոքի ակցիան՝ ընդդեմ տարկետման իրավունքի դեմ պայքարի, կարծես թե երկարատև թայմաութից հետո ազդարարեց այդ բողոքի արտահայտումը։ Նախօրոք ասենք, որ, անկախ այս բողոքի արդյունավետությունից ու նրանից՝ կհասնեն երիտասարդները նրան, որ տարկետման իրավունքը կվերանա, թե ոչ, ողջունելի է ուսանողների դիրքորոշումը, որոնք այս պահին, ըստ էության, ստանձնել են այն պարտականությունը, որը պետք է իրականացնեին քաղաքական ուժերը, սակայն թե՛ ԱԺ-ում ու թե՛ դրանից դուրս գտնվողներն այսօր դա իրականություն չեն դարձնում, որովհետև չեն կարող, չունեն այդ հնարավորությունը։ Նրանք ամեն կերպ կփորձեն 18-ից 20 տարեկանների միջոցով ռեաբիլիտացվել։ Անշուշտ, իշխանությունն իր ռեսուրսներով վերջնահաշվարկի արդյունքում հաջողության կհասնի, օրենքն արդեն ընդունվել է առաջին ընթերցմամբ, երկրորդով կհաստատվի վերջնականապես, ու հարցը կփակվի։ Հնարավոր է ուղղորդել այդ շարժումը, ի վերջո մարել այն, սակայն ուսանողների պահանջը միանգամայն բնական է՝ կապված հասարակություն-պետություն հարաբերությունների ոչ լիարժեք փոխըմբռնման արդյունքի հետ։ Ուսանողները բողոքում են, որ տարկետումը գիտության զարգացմանն էապես խոչընդոտում է, իշխանությունը հակափաստարկ է բերում, որ հնարավոր է զբաղվել գիտությամբ նաև բանակից հետո։ Սակայն ուսանողությունը պնդում է, որ մեկ բան է բանակից առաջ զբաղվել գիտությամբ, այլ բան՝ դրանից հետո։ Այլ են սոցիալական պայմանները, այլ է միջավայրը և, ի վերջո, դրանց հանրագումարում գիտությունը որակական անկում է արձանագրում։ Այնումամենայնիվ, ակցիան ողջունելի է այնքանով, որ երկրում երկարատև դադարից հետո կարծիքների բախում ու արտահայտում կա։ Այն չլինելու պարագայում իսկապես Հայաստանը կարող է դոփել տեղում, որովհետև մարդկության կենսագործունեության ամենավառ առհավատչյան հակակշռի առկայությունն է։ Եթե չկա հակակշիռ, ամեն ինչ գնում է դեպի ավտորիատարիզմի, իսկ դա արդեն պատուհաս է Հայաստանի համար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել