Երբ քաղաքական դաշտը սնանկ է, ու ըստ էության՝ այլ դերակատարներ չկան՝ բացի իշխանության տարբեր թևերից, ընդդիմության բեկորները պետք է այս կամ այն կերպ փորձեն չեղած տեղից ծագած քաղաքական կամ քաղաքացիական գործընթացի վրա դիվիդենտ հավաքել կամ «աչոկ շահել»։ Ինչպես արդեն կռահեցիք, նկատի ունեմ դասադուլ կազմակերպելու հարցում ուսանողներին ակտիվ աջակցություն ցույց տվող ԵԼՔ խմբակցությանը, որն այս կամ այն կերպ փորձում է իբր թե օգտակար լինել նրանց, նեցուկ կանգնել ու յուր հարցերը լուծել քաղաքական չեղած կշռի հաշվին։
Ուսանողության սիրելի պատգամավորներ, ապակողմնորոշել պետք չէ, որովհետև ըմբոստ կեցվածքը միայն իշխանության հանդեպ չէ, որ արտահայտվում է։ Ցանկացած միջամտություն նրանց օրակարգին կարող է դիտվել որպես փորձ՝ խառնվելու իրենց հարցերին, ու շրջվել հենց այդ գործընթացի մեջ քիթ խոթողների դեմ։ Հետևաբար այն, ինչ այս րոպեներին տեղի է ունենում քաղաքի փողոցներում, շատ բնական երևույթ է, ուսանողը պիտի ըմբոստ լինի՝ անկախ իր որակական հատկանիշներից։ Սակայն արժե, թերևս, հիշատակել ու զգուշացնել, որ հեռու մնան ուսանողությունից, որովհետև դա լավագույն տարբերակը չէ սեփական օրակարգը մեյդան բերելու ու երեխաների քողի տակ հարցեր լուծելու համար։ Չի կարելի, դատապարտելի է, դրա փոխարեն սեփական քաղաքական օրակարգ թող մշակեն, թեմաները քիչ չեն, կարող ենք նույնիսկ մի քանիսը հուշել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել