Արդար չէ, որ ժամանակակից ռուսական քարոզչամեքենան 100 տարի առաջ տեղի ունեցած բոլշևիկյան հեղափոխությունը փորձում է կապել ու բացատրել զուտ գերմանական հետախուզության փողերի հետ։ Դա պատմական փաստերից և իրողություններից խուսափելու փորձ է։ Իսկ իրականությունն այն է, որ բոլշևիկյան հեղափոխությունը կամ հեղաշրջումը(նայած ճաշակի) 19֊րդ դարի սկզբից, դեկաբրիստների ժամանակներից սկսած խմորումների, եթե կուզեք` բունտի օրինաչափ եզրափակիչն էր, պատմական այդ էպոխայի ապոգեյն էր։

Պատմությանը չես խաբի, դա լինելու էր։ Ռոմանովների դինաստիայի, ազնվականության ու հարստահարող կապիտալիստների խավը մի կողմից դեգրադացվել էր մինչև քոք, մյուս կողմից` տրամադրությունների զարկերակը չէր զգում, համառորեն չէր նկատում ռեֆորմների անհրաժեշտությունը։ Անգամ Վիտեն ու Ստոլիպինը ոչինչ չէին կարող անել, գնացքը գնացել էր, պրոցեսը սկսված էր...

Հեղափոխությունը չստացվեց 1905֊ին և եթե 1917֊ին չլիներ, 1920֊ին էր լինելու, 1930֊ին էր լինելու, անպայման լինելու էր։ Ցավալի է, բայց Ռոմանովները հնձեցին այն, ինչ դարերով ցանել էին, և ստացան ռուսական֊ժողովրդական բունտը` "беспощадный, но НЕ бессмысленный".

Իսկ բոլշևիկներն ուղակի ալիքը կարողացան ճիշտ ժամանակին օգտագործել։ Ժամանակի ոչ թե լիբերալ, այլ լիբերալագույն ուժն էին, որ վերցրեցին գետնին թավալվող իշխանությունն ու այն պահեցին տեռորով։ Այլ բան սպասել չէր կարելի։ Ինչպես իրեն հեղափոխական համարող ցանկացած ագրեսիվ փոքրամասնություն` անկախ բարձրացրած դրոշակի գույնից և դավանած իդեալներից, նույն բանն է անում, նույն տրամաբանության մեջ է։ Այդպես եղել է ֆրանսիական հեղափոխության ժամանակ, այդպես եղել է ռուսական հեղափոխության ժամանակ...

Այդպես եղել է երեկ, այդպես այսօր է, այդպես լինելու է վաղը։ Որովհետև հեղափոխությունն ու տեռորը փոխկապակցված են, որովհետև բոլոր հեղափոխականների ուսուցիչը Ռոբեսպյերն է, որովհետև ցանկացած հեղափոխականի, նույնիսկ մոլագարության հասած հեղափոխականի մեջ ապրում է ժանդարմը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել