Բողոքող ուսանողները, որոնք այսօր դասադուլ են հայտարարել ԵՊՀ մատույցներում, իսկապես ձևակերպել են պահանջ, որը տվյալ պարագայում կարելի է համարել ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի և ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանի հետ հանդիպում։
Ինչու է դասադուլ հայտարարվել։ Խնդիրը մեկն է. տարկետման իրավունքը պետք է վերականգնել ուսանողների համար, քանի որ դա վնասում է մի շարք բնականոն երևույթների, այդ թվում՝ գիտությամբ զբաղվելու համար երիտասարդ գիտնականների մոտիվացիային։ Իհարկե, սրան հակափաստարկ բերվում է այն, որ գիտությամբ զբաղվողը գիտությամբ կզբաղվի նաև ծառայությունից հետո, սակայն շատ հաճախ մարդիկ մոռանում են արձանագրել, որ, իհարկե, մարդը կարող է շարունակել զբաղվել գիտությամբ, սակայն ոչ նույն խանդավառությամբ ու որակով, ունակություններով, ինչ դրանից առաջ։ Ծառայությունը քանի գնում, ավելի է բարդանում՝ հաշվի առնելով Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը։ Էլ չեմ ասում այն մասին, որ, առհասարակ, Հայաստանի նման կոնֆլիկտային երկրներում ծառայությունից հետո անհրաժեշտություն է պարզապես զինվորների ռեաբիլիտացիոն գործընթացը կազմակերպելը, նրանց՝ քաղաքացիական կյանքին ինտեգրվելու բոլոր գործառույթների ապահովումը։ Դա նույնպես ՊՆ-ի գործն է, որը շատ վաղուց չի արվում։ Այնպես չէ, որ զինվորը գալու է բանակից ու աչքի տակ ունենալով Ապրիլյան քառօրյայի օրերին ծառայածների ապրումները՝ միանգամից անցնի գիտությամբ զբաղվելուն։ Այնպես որ, լավ կլինի, որ այս հարցերի շուրջ դասադուլի դուրս եկած ուսանողների հետ հանդիպեն թե՛ Վիգեն Սարգսյանը, թե՛ Լևոն Մկրտչյանը, այլապես այս բողոքը կարող է կրել շատ ավելի լայն բնույթ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել